
Վարորդական վկայականները թվայնացվել են․ արդյո՞ք այն կգործի ՀՀ սահմաներից դուրս և ի՞նչ կարժենա
Սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում վարորդներն այլևս պարտավոր չեն իրենց մոտ ունենալ պլաստիկ վարորդական վկայական, և դրա համար տուգանք չեն վճարի։ Սակայն ՀՀ տարածքից դուրս չես կարող ավտոմեքենա վարել թվային վարորդական վկայականով և տեխնիկական անձնագրով։ Թվային վարորդական վկայականները հասանելի են roadpolice.am-ում, եթե քաղաքացին ունի հաստատված օգտահաշիվ։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվել է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝
- վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,
- գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
- այլ պետություններում ստացած և 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։
ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս։
Վարորդական պլաստիկ վկայականի գինը մնացել է անփոփոխ՝ 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական իրավունքը՝ 6 հազար դրամ եթե քաղաքացին առաջին անգամ քննություն ստանալուց հետո ցանկություն է հայտնում ունենալ միայն թվային վարորդական վկայական։