
Երևանի սրճարաններից մեկի մոտ պատանու են ծեծել. ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ «Ազնավուր» սրճարանի մոտ, 16-ամյա պատանուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից). ABC media–ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։
Ըստ մամուլում տարածվող լուրերի՝ պատանուն ծեծողները սրճարանի սեփականատերերն են, ովքեր դեռ չեն հայտնաբերվել։
Տղան տեղափոխվել է «Ուիգմոր» հիվանդանոց: Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։ Նրանք հայր և որդի են: Միջադեպի պահին նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ։