10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանքի պայմանները մարդկային չեն, տեսակցությունների խնդիր կա. Սամվել Կարապետյանի փաստաբանները մանրամասներ են ներկայացրել

Կալանքի պայմանները մարդկային չեն, տեսակցությունների խնդիր կա. Սամվել Կարապետյանի փաստաբանները մանրամասներ են ներկայացրել

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի փաստաբանները գործարարի  նկատմամբ քննչական մարմինների գործողությունները ոչ միայն ուղղորդված են համարում, այլև բացարձակ ապօրինի: Սեպտեմբերի 9-ին Սամվել Կարապետյանի պաշտպանները մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրին գործարարի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը, պահման պայմանները և տեսակցությունների սահմանափակման հետ կապված խնդիրները։

Արամ Վարդևանյանը նշեց, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պայմանները ծայրահեղ ծանր են։ Նրա խոսքով՝ եթե Երևանում օդի ջերմաստիճանը հասնում է 35-36 աստիճանի, ապա ՔԿՀ-ում այն գերազանցում է 45 աստիճանը։ «Սա պարզապես մարդկային չէ»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանները նաև բարձրաձայնեցին տեսակցությունների խնդիրը՝ նշելով, որ գործում են մի քանի խիստ սահմանափակման ռեժիմներ։ Պաշտպանները դեռևս կարողանում են անարգել տեսակցել Կարապետյանին, սակայն ընտանիքի անդամների համար սահմանված է ծայրահեղ խիստ կարգ, ինչի հետևանքով մերձավորների հետ հանդիպումները գրեթե բացառված են։

Արմեն Ֆերոյանը հիշեցրեց, որ արդեն իսկ բազմաթիվ դատական ակտերով ապացուցվել է գործով իրականացված գործողությունների ապօրինությունը։ Նրա խոսքով՝ ապօրինի են ճանաչվել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և մի շարք խուզարկություններ։ Փաստաբանի հայտարարությամբ՝ Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքների մեծ մասը հիմնավոր կասկածի շեմ անգամ չի հաղթահարել։ Փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության մեղադրանքները դատարան չեն ուղարկվել, իսկ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ կատարված համալիր լեզվաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Կարապետյանի խոսքում նման տարրեր չկան։

Փաստաբան Լիանա Գասպարյանը հավելեց, որ Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգումից արդեն մեկ ամիս է անցել, սակայն վարույթ իրականացնող մարմինները որևէ քննչական գործողություն չեն իրականացնում։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու է Կարապետյանը շարունակում մնալ անազատության մեջ։ Գասպարյանը հայտարարեց, որ գործը բացահայտ քաղաքական ենթատեքստ ունի և հավելեց. «Եթե սա զուտ իրավական գործընթաց լիներ, ապա քրեական օրենսգիրքը ոտքեր ունենար, ոտքերը վերցրած կփախչեր այս ապօրինություններից»։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն էր իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում վիրավորական և սպառնալի գրառումներ արեց գործարարի հասցեին։ Հունիսի 18-ին Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր։ Հուլիսի 4-ին նա մեկուսարանից ուղերձ էր հղել՝ տեղեկացնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով։

 

Ռազմագերիներ