09 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի խորհրդարանը փառաբանում է Ալիևին փայլուն դիվանագիտության համար և առաջարկում «Զանգեզուրի միջանցքը» կոչել նրա պատվին

Ադրբեջանի խորհրդարանը փառաբանում է Ալիևին փայլուն դիվանագիտության համար և առաջարկում «Զանգեզուրի միջանցքը» կոչել նրա պատվին

Բաքվում խորհրդարանի (Միլի մեջլիսի) արտահերթ նստաշրջանի շրջանակներում կայացել է «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակ» թեմայով հատուկ նիստ։ «Նախագահ Ալիևի այցը Վաշինգտոն պատմական նշանակություն ունի։ Հզոր առաջնորդների գլխավոր հատկություններն են սկզբունքայնությունը, դիվանագիտական տաղանդն ու վճռականությունը։ Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը այն կարծիքին է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկոչվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով։

Ահմեդովի խոսքով՝ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։ Կան երեք գործոններ, որոնք ցույց են տալիս ցանկացած պետության ուժը՝ տնտեսությունը, բանակը և դիվանագիտությունը։ Դիվանագիտության մեջ նվաճումները մեծապես կախված են անհատականությունից և առաջնորդությունից։ Վաշինգտոնում Ադրբեջանի մեծ դիվանագիտական հաղթանակի հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։ Սա նաև նոր փուլ է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որը կհանգեցնի Ադրբեջանի միջազգային տնտեսական ինտեգրման հետագա ընդլայնմանը։ Այս հանդիպմանը ստացվել է Զանգեզուրի միջանցքի իրականացման միջազգային երաշխիք։ Ադրբեջանական դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը Վաշինգտոնյան բանակցություններն ու այնտեղ ձեռք բերված հաջողություններն են։ Վաշինգտոնում մեծ դիվանագիտական հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։ Զանգեզուրի միջանցքը կլինի նոր պատմության շատ կարևոր նախագիծ։ Ես կարծում եմ, որ ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը կկրի նախագահ Իլհամ Ալիևի անունը»։

Խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլիի խոսքով՝ խորհրդանշական է, որ Վաշինգտոնյան համաձայնագրերը ստորագրվել են Սահմանադրության և ինքնիշխանության տարում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ շահագրգռված են նաև արտաքին ուժեր։

Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը նշել է, որ Արևմուտքը մի ժամանակ փորձել է հեռացնել Դոնալդ Թրամփին քաղաքական ասպարեզից. «Հիմա նրանք միավորում և փոխում են Արևմուտքն ինքը։ Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ դրվել է միջազգային հարաբերություններում արդար մոտեցման հիմքը։ Վաշինգտոնյան հանդիպումներում ձեռք բերված համաձայնագրերը նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն դիվանագիտական քաղաքականության հաղթանակն են»։

Միլլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը հավելել է, որ, խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրելով, Հայաստանը փաստացի համաձայնել է դրա բովանդակությանը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Հանդիպումն ավարտելով՝ Սահիբա Գաֆարովան նշել է, որ քննարկումների ընթացքում հետաքրքիր մտքեր են հնչել։ Խոսնակը մաղթել է նախագահին հաջողություններ իր գործունեության մեջ։

Ռազմագերիներ