
3 տարում 4 վարչապետ. ինչո՞վ է պայմանավորված քաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության հաճախակի փոփոխությունները խոսում են երկրում առկա քաղաքական ճգնաժամի մասին․ ABC media–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի վերջերս քվեարկած Վարչապետ Բայրուի և նրա կառավարության պաշտոնանկության օգտին որոշումը։
«Սա, իհարկե, վկայում է քաղաքական ճգնաժամի մասին, որն ընդգրկում է ոչ միայն խորհրդարան–կառավարություն մակարդակը, այլև ընդհանրապես կառավարող ուժի համատեքստը, որի առաջնորդը նաև նախագահ Մակրոնն է։ Երեք տարվա ընթացքում արդեն չորրորդ կառավարությունն է հրաժարական տվել, այն էլ այն երկրում, ինչպիսին Ֆրանսիան է՝ կայացած քաղաքական համակարգով և ինստիտուտներով։ Սա ակնառու նշան է քաղաքական ճգնաժամի, որ առկա է երկրում: Կառավարության փոփոխությունների միջոցով Մակրոնն ապահովում է իր նախագահության ընթացքը: Այլ կերպ ասած, եթե արտահայտվենք փոքր-ինչ կոպիտ՝ Մակրոնը փոխում է կառավարություններին, իր «փոփոխություն» թույլ չտալու համար»,- ասել է Բադալյանը։
Նա ընդգծել է, որ հաճախակի կառավարությունների փոփոխությունը, բացի սոցիալ–տնտեսական մարտահրավերներից, ցույց է տալիս հասարակական տրամադրությունների և քաղաքական համակարգի անհամապատասխանությունը։ «Հասարակության մեջ աճում են աջ տրամադրությունները։ Օրինակ՝ Մարին Լեպենի և Ժան–Լյուկ Մելանշոնի կուսակցությունների վարկանիշը բարձրանում է, սակայն ֆրանսիական քաղաքական ամբողջ համակարգը լռելյայն կոալիցիա է ստեղծում՝ նրանց առաջընթացը թույլ չտալու համար»,- նշել է քաղաքագետը։
Բադալյանի խոսքով՝ սա հանգեցնում է կառավարման անարդյունավետության, ներքին քաղաքական պրոցեսների խոցելիության և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության որոշակի անկման։
«Ֆրանսիան մի շարք ավանդական ռեգիոններում արձանագրել է ռազմավարական նահանջ, և մեծ հաշվով, երկրի դերակատարումը որոշ միջազգային պրոցեսներում վնասվել է»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է հայ–ֆրանսիական հարաբերություններին, Բադալյանը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ բարեկամ երկիր Հայաստանի համար, և հայկական համայնքը կարևոր դեր ունի այդ հարաբերություններում։
«Սակայն վերջին տարիներին հայ–ֆրանսիական կապերը ավելի շատ եղել են հռետորաբանության մակարդակում, քան գործնական հողի վրա։ Այն, ինչ ֆրանսիական հասարակությունում և քաղաքական դաշտում տեղի է ունենում, ցավոք, դեռևս չի փոխարինում: Այն, ինչ ֆրանսիական հասարակությունում և քաղաքական դաշտում տեղի է ունենում, ցավոք, դեռևս չի փոխարինում հայ-ֆրանսիական գործնական կապերի խորացմանը»,- եզրափակել է Բադալյանը։