12 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ և ո՞ւմ հրավերով էր Սուպեր Սաքոն այսօր ԱԺ-ում

Ինչո՞ւ և ո՞ւմ հրավերով էր Սուպեր Սաքոն այսօր ԱԺ-ում

Երգիչ Սուպեր Սաքոն այսօր այցելել է Ազգային ժողով՝ հնարավորություն ունենալով անձամբ հետևելու քաղաքական գործընթացներին։

«Ես միշտ ուզել եմ Ազգային ժողովում ներկա գտնվել, միշտ նայել եմ։ Ինձ համար սա շատ հետաքրքիր է, ու այսօր պարոն Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո հրավիրվեցի, որպեսզի փորձեմ այս զգացողությունը՝ ներսից զգալու»,– 24news.am-ի հետ զրույցում նշել է նա։

Երգիչը ընդգծել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում․ «Ես երաժիշտ եմ, հայրենիքի համար եկել եմ, ոչ մի քաղաքական կողմի չեմ սատարում։ Կառավարության կամ ընդդիմության մասին չեմ ուզում մեկնաբանություն տալ։ Ես բոլորին սիրում եմ։ Ընդդիմության մեջ էլ ընկերներ ունեմ․ անուններ չհարցնեք, բայց բոլորի հետ շփվում եմ, կապ եմ պահում ու սիրում և, ընդհանրապես, մեր հայ ազգը շատ եմ սիրում»,– ասել է Սուպեր Սաքոն։

Նա նաև հավելել է, որ չի խուսափում իշխանության հետ ունեցած կապերի մասին խոսելուց։

«Ես նախկին իշխանության հետ էլ շփվել եմ, աջակցել եմ։ Ես Ալեն Սիմոնյանի հետ վաղուց եմ մտերիմ, Ալենի հետ մեր էներգիան բռնում  է , բայց դա չի նշանակում, որ իրենց կողմն եմ բռնում», – նշել է երգիչը։

Լրագրողի հարցին՝ «Ինչո՞ւ կորցրինք Արցախը և արդյոք իշխանությո՞ւնն է դրա պատասխանատուն», երգիչը պատասխանել է․ «Ես պատմությունը սիրող մարդ եմ։ Պատմությունը ցույց է տալիս, որ շատ պետություններ կորցրել են տարածքներ։ Այժմ ես չեմ մտածում կորցնելու մասին, այլ մտածում եմ, թե ինչպես կարող ենք զարգացնել այն։ Պատերազմը շատ ցավալի էր, շատ զոհեր ունեցանք։ Ես կուզենայի ունենալ ինչ-որ կախարդական ուժ, որի միջոցով հետ բերեինք կորցրածը, բայց այժմ ուզում եմ առաջ շարժվել, ոչ թե հետ գնալ։ Չեմ ցանկանում տեսնել Հայաստանը 50 տարի հետ, ուզում եմ տեսնել այն 50 տարի առաջ: Ես աշխարհի բոլոր մարդկանց խաղաղություն եմ մաղթում»,- ընդգծել է նա։

Երգիչը անդրադարձել է նաև իրական Հայաստանի պատկերին և միասնականության անհրաժեշտությանը․ «Մենակ Արցախը չէ, երանի Հայաստանի բոլոր տարածքները միավորված լինեին՝ ծովից ծով։ Շատ ցավալի է, բայց մենք չունենք այն ուժը, որ կարողանանք հետ բերել այն ամենը, ինչ կորցրել ենք։ Ես չեմ բռնում որևէ կողմ, միշտ փորձում եմ ճիշտ խոսել, և դա ինձ երբեմն ցավ է պատճառում, բայց ինձ համար կարևոր է ճշմարտությունը»,- ասել է Սաքոն։

Ապագա ընտրությունների մասին երգիչը նշել է, որ ցանկանում է, որպեսզի մեր ազգը միավորվի, իրար օգնության ձեռք մեկնի, չվիրավորի իրար և թշնամի չդառնա։

«Ընտրություններ լինի, թե ոչ, ես ապագայի մասին եմ խոսում։ Ուզում եմ, որ մեր ազգը միասնական լինի, իրար միանան, իրար օգնեն, լավը ցանկանան իրար, ոչ թե իրար միս ուտեն։ Կապ չունի՝ ներկա իշխանություն է, ապագա, թե անցյալ։ Ուզում եմ, որ մեր ազգը լինի պինդ, ինչպես բռունցքը»,- եզրափակել է Սուպեր Սաքոն։

Հիշեցնենք, որ մինչ հարցազրույցը  Սուպեր Սաքոն  ԱԺ-ում  լինելու մասին տեղեկացրել էր  Ինստագրամի իր էջում։

Ռազմագերիներ