15 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում տեղի են ունենում բավականին բարդ և հակասական գործընթացներ․ դիվանագետ 

Հարավային Կովկասում տեղի են ունենում բավականին բարդ և հակասական գործընթացներ․ դիվանագետ 

Նախևառաջ Հարավային Կովկասի երկրները պետք է որոշումներ կայացնեն իրենց տարածաշրջանի վերաբերյալ, և արտատարածաշրջանային խաղացողները չպետք է այնտեղ բաժանարար գծեր ստեղծեն։ Այս մասին թուրքական թերթի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում իր առաքելությունն ավարտած Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Հարավային Կովկասի խնդիրների լուծման կարևոր պայման է տարածաշրջանային պատասխանատվությունը, այսինքն՝ որոշումների կայացումը և դրանց իրականացումը հիմնականում տարածաշրջանի երկրների կողմից՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ։ Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի։ Սա վերաբերում է նաև այնպիսի կարևոր ասպեկտի, ինչպիսին է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը», – ասել է նա։

Երխովի խոսքով՝ «Հարավային Կովկասում տեղի են ունենում բավականին բարդ և հակասական գործընթացներ, որոնցում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան շարունակում են կարևոր, դինամիկ դեր խաղալ»։ «Մոսկվան և Անկարան հավասարապես հետաքրքրված են այս տարածաշրջանում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ, աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են այստեղ անվտանգության ապահովմանը և փոխշահավետ համագործակցության հաստատմանը: Դրա հիմքը, իհարկե, պետք է լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վրա: Այն դեռևս չի ստորագրվել, այն միայն նախաստորագրվել է»,- նշել է դեսպանը։

Այնուամենայնիվ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «քննարկվող սցենարների և նախագծերի վերաբերյալ շատ մանրամասներ դեռևս պարզ չեն»: «Ո՞վ, ի՞նչ, ինչպե՞ս և ե՞րբ՝ այստեղ չափազանց շատ բան կա անհասկանալի, չափազանց շատ հարցականներ են մնում: Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպե՞ս կարող է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքին ազդել այս ամենի վրա, այդ թվում՝ այս երկրի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների հարցում»,-նշել է Երխովը:

Ռազմագերիներ