
«Իրական Հայաստան»-ի հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա․ Դավիթ Անանյան
Երեկ ՀանդԱրտ կատարողական այգում, երբ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի բեմադրմամբ «Ցանկապատ» ներկայացումը ավարտվեց, և հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափողջույններ շռայլելու համար, հանդիսատեսներից մեկը ճեղքեց աղմուկն ու սկսեց խոսել․ «Ո՞րն է ձեր ուղերձը»,- հետաքրքրվեց նա, այնուհետև շարունակեց․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն… երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում». գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Ահա այսպես վերցրեց խոսքը Նիկոլ Փաշինյանը և, ըստ էության, ներկայացումից հետո արվեստի դաշտը դարձրեց գաղափարախոսական թատրոն: Սա շատ ավելին է, քան պարզապես փորձ` հասկանալու արվեստի ուղերձը։ Սա ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է և ոչ միայն սահմանների վրա, այլև հանրային խոսքի, մշակույթի, հիշողության վրա։ Այն չի մնում գաղափարախոսական քննարկման դաշտում․ այն ուզում է դառնալ սոցիալական պայման:
Այս ամենն, անշուշտ, քաղաքական հաշվարկ է։ «Ցանկապատ»-ի ավարտից հետո նրա ուղերձը ենթադրում է, որ «Իրական Հայաստան»-ը չի սահմանափակվելու նոր իրավակարգավորումներով, սահմաններով, խորհրդանիշների վերացմամբ, այն այլևս մտնում է մշակույթի, կերպարների, խոսքի վերահսկողության ոլորտը:
Սեպտեմբերի 20-ի համագումարը մոտ է: Սպասվում է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը կընդունվի որպես կանգառ, որպես քարոզարշավի գաղափարախոսական հենարան, որտեղ սահմանները, իշխանության ձևերը, հանրային խորհրդանիշները դեռ թեմաներ են լինելու:
Կարևոր է, որ մենք բոլորս խելամիտ արձագանքելու և գործուն միջամտելու մեր ունակությունն ու կարողությունը չկորցնենք։ Չմոռանանք, որ նույնիսկ սահմանների մեջ, նույնիսկ «իրական» օրակարգի պայմաններում, «Նվիրական Երկիրը» ոչ միայն պահպանելի է, այլև մեր ուղեցույցը մնալու այլընտրանք չունի»,-գրել է նա։