16 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեճ՝ լեռներից բարձր․ Հայաստանը հրաժարվում է ազգային խորհրդանշաններից և հիշողությունից․ Известия

Վեճ՝ լեռներից բարձր․ Հայաստանը հրաժարվում է ազգային խորհրդանշաններից և հիշողությունից․ Известия

Հայաստանը շարունակում է շարժվել Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ: Նոյեմբերի 1-ից Երևանը կդադարի Արարատ լեռան պատկերումն իր սահմանային դրոշմանիշների վրա: Արարատ լեռը համարվում է ազգային խորհրդանիշ՝ չնայած գտնվում է հարևան երկրի տարածքում․ գրել է Известия-ն։

Ինչպես ընդգծվել է, պաշտոնապես հայկական կողմը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել հարևաններին, բայց լեռն ազգային ինքնության կարևոր մաս է, սակայն վերջին տարիներին երկրի իշխանությունները փոխում են իրենց մոտեցումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե երկրի ամենաբարձր կետը ոչ թե Արարատն է, այլ՝ Արագածը, որը գտնվում է երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Նրա խոսքով՝ միայն նման մոտեցումը կօգնի հայերին հասնել խաղաղության և պահպանել իրենց պետությունը:

Կայքը հիշեցրել է, որ կառավարության ղեկավարը նաև հեռացրել է Արարատի պատկերն իր գրասենյակից և ընդունելությունների սրահից: Այժմ, սահմանային դրոշմանիշների փոփոխման մասին լուրերին զուգահեռ, տեղեկատվություն է հայտնվել նաև, որ իշխող կուսակցության կանոնադրությունից կհեռացվի Արարատի հիշատակումը։

Փոփոխությունների վերջնական հաստատումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին, երբ կկայանա կուսակցության համագումարը։

Միևնույն ժամանակ, այս ֆոնին, քննարկում է ծավալվել Հայաստանի զինանշանի շուրջ։

Կարծիք կա, որ իրականում իշխանությունները ցանկանում են Արարատը հեռացնել զինանշանից, բայց առայժմ ամաչում են ուղղակիորեն հայտարարել դրա մասին։

Սակայն հարցը չի սահմանափակվում միայն լեռների և բլուրների խնդրով։ Հայտնի է, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և հուշարձանների մասին տեղեկատվությունը սկսել է ջնջվել դպրոցական պատմության դասագրքերից, և շատ տեղանուններ սկսել են տրվել թյուրքական ձևով։ Մեկ այլ կարևոր քայլ էր Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից փաստացի հրաժարումը։

Բացի այդ՝ այս տարվա սկզբին երկիրը փոխել է իր օրհներգը։ Եթե նախկինում այն ավարտվում էր հայրենիքի համար զոհվածների փառաբանմամբ, ապա այժմ վերջին արտահայտության մեջ կա «Թող միշտ լինի Հայաստան» բացականչությունը։

Քննարկվում են նաև Սահմանադրության փոփոխությունները, որոնք ներկայումս հղում են կատարում երկրի անկախության հռչակագրին, որտեղ նշվում է Ղարաբաղի հետ վերամիավորվելու և Ցեղասպանության դատապարտմանը հասնելու ցանկության մասին։

Սակայն, մինչ այժմ այս բոլոր ջանքերը սահմանափակ ազդեցություն են ունեցել։

Սեպտեմբերի կեսերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Երևան։ Որոշ դիտորդների սպասումներին հակառակ՝ հարաբերություններում առաջընթաց չի եղել։

Կովկասյան հարցերով փորձագետ Արթուր Աթաևը կայքի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում պետական խորհրդանիշների փոփոխմանը, նշել է․«Ակնհայտ է, որ սա ցավոտ գործընթաց է․ կարևոր և վաղուց հաստատված գաղափարախոսությունները հերքվում են»։

Ռազմագերիներ