16 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել իրական Հայաստանի կործանմանը․ Արա Այվազյանի հոդվածը

Հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել իրական Հայաստանի կործանմանը․ Արա Այվազյանի հոդվածը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։ Հոդվածը ներկայացնում ենք կետերով․

  • 2020-2023 թվականների պարտություններից հետո իշխանությունները հայտարարել են նոր ռազմավարության մասին, որը հիմնված է «խաղաղության դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման և ժողովրդավարական վերածննդի վրա։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման արդյունքում կստեղծվեն պայմաններ երկարատև խաղաղության համար։ Սակայն ուրվագծվող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարությունը թվում է վտանգավոր և ժամանակավրեպ։
  • Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, ենթադրում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։ Մինչդեռ անտեսվում է, որ երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ՝ խոցելիության բանաձև։
  • Պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։ Յուրաքանչյուր պետության հիմնական գործառույթը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու ինքնիշխանության պաշտպանությունն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։
  • Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։ Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։
  • Պաշտոնական Երևանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների և Հայաստանին գոյաբանական մարտահրավեր ներկայացնող հարևանների իրական նպատակների ռազմավարական վերլուծությունից: Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում գլխավորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովում անվտանգությունն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն իշխում է ուժը։
  • Հիմա մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում» և հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժեքներն ու հավակնությունները ենթադրաբար հանգեցրել են շարունակական աղետների։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն։
  • Ռազմավարական առումով չմտածված ընթացքը, որը ներկայացվում է որպես «սթափություն» և «իրատեսություն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղետ, որի վերաբերյալ մենք վճռել էինք «այլևս երբեք»: Եվ այդ ժամանակ Պատմությունը, ոչ թե որպես առասպել, այլ՝ որպես ողբերգություն, կվերադառնա՝ մեզ հիշեցնելու, որ պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։
Ռազմագերիներ