
Ռուսաստանն ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերվիդենիայում»․ Լավրով
Ռուսաստանն ուրախ կլիներ տեսնել Հայաստանի կատարողներին «Ինտերվիդենիա» միջազգային երգի մրցույթի մասնակիցների շարքում, և նրանք գիտեն դրա մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը մրցույթի նախապատրաստական աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսում․ գրում է ТАСС–ը:
«Մեր հայ ընկերները շատ լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչո՞ւ մասնակիցների թվում հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ համար չէ։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, մեր հայ ընկերներին»,- նշել է նախարարը:
«Ինտերվիդենիան» ՌԴ հեռուստառադիոհեռարձակման միջազգային կազմակերպության (OIRT) երգի մրցույթ է, որը գոյություն է ունեցել 1946-ից 1993 թվականներին։ Այն անցկացվել է 1960-1980-ական թվականներին՝ «Եվրատեսիլի»՝ Եվրոպական հեռարձակողների միության երաժշտական մրցանակաբաշխության նմանությամբ։ Մրցույթին մասնակցել են ոչ միայն ԽՍՀՄ-ին մոտ գտնվող սոցիալիստական երկրները, այլև՝ Ավստրիան, Բելգիան, Իսպանիան, Կանադան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Ֆինլանդիան։
Վերածնված «Ինտերվիդենիան» տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում՝ ռուսական «Առաջին ալիք»-ի ուղիղ հեռարձակմամբ։