
ՀԱԿ նախկին անդամը պաշտոն է ստացել. ո՞վ է Ջրային կոմիտեի նոր նախագահը
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։
Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։
«Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ազնիվ չեն, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։
Տեր-Պետրոսյանին առաջադրելով մի քանի հարցեր՝ Ղալամքարյանը գրել էր նաև․ «Ինչո՞ւ են վերջին մի քանի տարիներին Լևոնն ու Հայ ազգային կոնգրեսը խաղեր տալիս ՌԴ-ի հետ։ Ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահն անում քայլեր, որոնք ակնհայտորեն դեմ են իշխող ուժի մոտեցումներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության, հիմա՝ Ռուսական կայսրության շահերը։ Արդյո՞ք այստեղ կա որևէ կրիմինալ։ Ոչ։ Ոչ մի կրիմինալ չկա։ Դա դիրքորոշում է, որը կարող է լինել հիմնավորված։ Միակ պահանջը, որ ես դնում եմ որպես Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր վարչության անդամ, որպես 2006-ից քաղաքականության մեջ մտած ու Լևոնի ու իր թիմի՝ իշխանության հասնելուն նպաստած շարքային ակտիվիստ, հետևյալն է.
Բաց տեքստով ընդունել, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը»։
Արամազդ Ղալամքարյանն աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատել է 4 ամիս. նշանակվել էր 2025-ի մայիսին։