
Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետից, սակայն հպարտանում է նրա հետ ջերմ հարաբերություններով․ WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից, որը հրադադարի շուրջ բանակցությունների փոխարեն առաջնահերթություն է տալիս պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններին․ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի նյարդայնությունն աճել է հատկապես Կատարին ուղղված Իսրայելի հարվածից հետո։ Իր խորհրդականների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Նեթանյահուն ծաղրում է իրեն։
Թերթը նշում է, որ չնայած դժգոհությանը՝ Թրամփը ձեռնպահ է մնացել Իսրայելի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելուց: Հրատարակությունը դա բացատրում է Թրամփի և Նեթանյահուի միջև լավ անձնական հարաբերություններով: ԱՄՆ մի քանի անանուն պաշտոնյաներ The Wall Street Journal-ին հայտնել են, որ Թրամփը հպարտանում է Իսրայելի վարչապետի հետ իր ջերմ հարաբերություններով և չի ցանկանում դրանք փչացնել:
ԱՄՆ առաջնորդը նաև հավատարիմ է մնում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և դա համարում է դիվանագիտական գլխավոր նպատակ:
The Wall Street Journal-ը նախկինում հաղորդել էր, որ Թրամփը լարված հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ Դոհայի վրա Իսրայելի հարձակումից հետո: Թերթի տվյալներով՝ Թրամփը դժգոհ է եղել, որ հարձակման մասին իմացել է ոչ թե Իսրայելից, այլ ԱՄՆ զինվորականներից:
ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ զրույցում նշել էր, որ հրեական պետությունը հարձակվել է ԱՄՆ դաշնակցի տարածքի վրա, որը միջնորդում էր Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու բանակցություններում: Նեթանյահուն պատասխանել է՝ ասելով, որ ինքը «փոքրիկ հնարավորություն» ունի հարվածելու և իրեն պարտավորված է զգում օգտվել դրանից։