
Պետության դրամապանակը` բյուջեն, պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ. Դավիթ Անանյան
Երեկ գործընկերներով ամփոփում էինք ներկայումս Հայաստանում վարվող հարկաբյուջետային քաղաքականության վերլուծականը։ Ընդհանուր գնահատականները փորձեցինք ձևակերպել մի քանի կարճ կետերով. գրել է նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
1․ Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։
2․ Ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն, որի հետևանքով բյուջեն մնում է պրո-ցիկլիկ՝ տնտեսական անկումների ժամանակ խորացնելով ճգնաժամերը։
3․ Հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում զարգացումը, մասնավորապես, հարկային բեռի օպտիմալ մակարդակը, արտոնությունների արդյունավետությունը և հարկահավաքման որակի կապը տնտեսական արդյունքների հետ բացակայում են։
4․ Անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը կառուցվի այնպես, որ ապահովի եկամուտների կայունություն, ներդրումային խթաններ և սոցիալական արդարություն։
Շարադրելուց հետո հասկացանք, որ հանրային լայն շրջանակի համար նման խիստ մասնագիտական խոսույթը միշտ չէ, որ ընկալելի է (իսկ այն, ինչ հասկանալի չէ, հաճախ նաև կասկածելի է թվում)։
Փորձեցինք վերաշարադրել նույն միտքերը ժողովրդին ավելի հասկանալի լեզվով։ Ստացվեց այսպես․
1․ Մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում աճ ու նոր հնարավորություններ։
2․ Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Այսօր բյուջեն դառնում է ճգնաժամերի խորացման գործիք, որովհետև չունի ճկունություն դժվար պահերին։
3․ Հարկային համակարգը կապ չունի մարդկանց ու բիզնեսի իրական կյանքի հետ, չկա արդար բեռ, չկա խթան ներդրումների ու աշխատանքի համար։
4․ Պետք է փոխել ամբողջ տրամաբանությունը, մասնավորապես, հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար։
Կարևոր է ոչ միայն լինել արհեստավարժ, այլև խոսել այնպես, որ քեզ հասկանա ու վստահի սեփական ժողովուրդդ։