18 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաչվողները հիմա բանտում են», «կերածդ հացն ուրանում ես». հոգևորականների արձագանքը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցին

«Խաչվողները հիմա բանտում են», «կերածդ հացն ուրանում ես». հոգևորականների արձագանքը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցին

Հոգևորականները սոցցանցերի իրենց էջերում անդրադարձել են Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի աղմկահարույց հարցազրույցին: Արձագանքներից հատվածներ ներկայացնում ենք ստորև.

Տեր Արամ քահանա Բաղումյանը գրել է. «Դժբախտաբար առիթ ունեցա դիտելու քո հարցազրույցը՝ իր, մեղմ ասած, հակաեկեղեցական դիրքորոշմամբ հայտնի և «անկախ» լրագրող Պետրոս Ղազարյանի հետ։ Չցանկանալով անդրադառնալ այն դավանաբանական լուրջ շեղումներին, որոնք հնչում են քո կողմից, և որոնք արդեն իսկ կասկածի մեծ դուռ են բացում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի վերաբերյալ՝ դրանց քննությունը թողնում եմ մեր Եկեղեցու վարդապետներին։ Նախևառաջ ցանկանում եմ հիշեցնել, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին ընտանիք է՝ իր հոգևորականներով և հավատացյալներով, և չի կարելի այն համեմատել եռացող կաթսայի հետ։ Այդպիսի բան կարող է լինել միայն ոմանց գլխում՝ նրանց, ովքեր սին խոստումներից և սին փառքից կարող են կորցնել իրենց, ինչպես Հուդան, որ կուրացավ դրամի փայլից: Ամեն բան կսպասեի նրանցից, ովքեր ուրանում են իրենց Հայրենիքը, իրենց Եկեղեցին և իրենց Հավատքը՝ հանուն աթոռի ու փողի, սակայն երբեք չէի մտածի, որ Հուդաներ դեռ կան և ապրում են Քրիստոսի Սուրբ Եկեղեցում»։

Տեր Արամ Բաղումյանը նշել է, որ հարցազրույց տված քահանան կեղտոտ ջուր է լցրել հակաեկեղեցական արշավի ջրաղացին։

Տեր Կորյուն քահանա Պապիկյանը գրել է. «Օրվա ավարտին տեսա ու լսեցի այն չարաբաստիկ հաղորդումը, որի ընթացքում քո ունեցած ելույթը, մեղմ ասած, պատիվ չէր բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Ավետարանական քարոզչությունը հանձն առած օծյալ հոգևորականին։ Մեր հոգևոր առաջնորդները, մարդկային բոլոր թերություններով հանդերձ, իրենց մեջ ունեն բազմադարյա շնորհը՝ լսելու, հասկանալու, համբերությամբ սպասելու, խրատելու, հանդիմանելու և ուղղելու փորձառությունը։ Եվ ինչպես մեր հավատավոր համայնքներն են մեզ հնազանդվում՝ իբրև իրենց ծնողի, այնպես էլ մե՛նք՝ քահանաներս, պարտավորություն ունենք հնազանդ լինելու մեր հոգևոր առաջնորդներին և անսալու նրանց հորդորներին ու հայրական ցուցումներին՝ ըստ ամենայնի, այլ ոչ թե հանրայնացնելու ինչ-ինչ խնդիրներ։

Օրվա իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը արդեն մի քանի ամիս է, ինչ բուռն դրսևորումներ է ստանում, և ամենատարբեր միջոցներով փորձում են հեղինակազրկել Մայր Եկեղեցին իր հոգևորականներով՝ փոխանակ վերանայելու իրենց սեփական կյանքը, ապաշխարելու և դառնալու առ Աստված։ Իսկ երեկվա քո խոսքն ուղղակի ցույց է տալիս, որ դու համամիտ ես ընթացող հակաեկեղեցական արշավին։ Քահանայական շնորհը մի պարզ ձեռքբերում կամ նվաճում չէ, որից կարելի է հեշտությամբ հրաժարվել․ այն հոգենորոգ առաքելություն է։ Լիահույս ենք, որ, քանի դեռ ժամանակը ձեռքումդ է, կդառնաս և կշտկես ընթացքդ՝ խոնարհությամբ»։

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը Տեր Արամ քահանային բնութագրել է որպես «չափից ավելի «գրագետ» և «աղոթող» երևալու մոլուցքով տառապող»:

«Արժանապատիվ տեր Հայր, խորը ցավով և կսկիծով դիտեցի Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ հնչեցրած կարծիքներդ և առհասարակ վերջին շրջանում դրսևորած վարքագիծդ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդների: Տպավորությունն այն է, որ երկու Տեր Արամ է գործում քո մեջ, այն Տեր Արամը, ով «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ բարձր ձայնով աղաղակում էր, պատառոտելով իրեն` ասելով, «Վեհափառ Տե´ր, ձեզ թիկնապահ է անհրաժեշտ սրանցից պաշտպանելու համար, և ես զգեստս կհանեմ ու կպաշտպանեմ ձեզ», իսկ հիմա մեկ ուրիշ Տեր Արամ, ով դարձյալ իրեն ավելի ուժգին պատառոտում է, ասելով «Ժողովու՜րդ, ժողովու՜րդ եկե´ք փրկեք ի´նձ Վեհափառից, Առաջնորդներից, «հալածանքներից» և անասելի դառը «կտտանքներից»: Ի՞նչ փոխվեց այս կարճ տարիների ընթացքում Տեր Արամ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոխվեց: Վեհափառ Հայրապետը, ով նույնիսկ ապահովել էր քեզ` Երևանում, Մայր Աթոռին պատկանող բնակարանով, որ կարողանաս կեցությունդ ավելի բարվոք պայմաններում անցկացնես, այսօր ապերախտի պես, առանց ամոթ զգալու խոսում ես Իր և Մեր դեմ: Հացը, որ կերե´լ ես և ուրանում ես, լավ տեղ չի տանելու Քեզ արժանապատիվ եղբայր: Հացը ուրացողին օգտագործում են, և հետո իբրև փալաս ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում: Ահա սա է սպասվում Քեզ: Այսօր որոշ շրջանակների դու պետք ես, բայց վաղը Քո անհրաժեշտությունը չի զգալու եվ ոչ ոք: Երբեք ուշ չէ վերանայելու համար վարքագիծդ և սխալ ընթացքդ, մնում եմ աղոթող Քեզ համար»,֊գրել է նա:

Տեր Հակոբոս քահանա Իսահակյանը գրել է. «Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են։ Եվ բանտում են որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։ Հուդան ժողովրդից մեկը չէր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։ 30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։ Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։ Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։ Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես»:

 

Ռազմագերիներ