
Ի՞նչ ծառեր են հատվել Օղակաձև այգում. քաղաքապետարանի պարզաբանումը
Համացանցում տարածվել է տեսանյութ՝ Օղակաձև զբոսայգում իրականացվող ծառահատումների վերաբերյալ: Նշվում էր, որ հատվում են առողջ ծառեր:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ABC media-ի հետ զրույցում նշեց, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Տարածքը հանդիսանում է մեր վարչական աշխատանքի գոտի, որտեղ նաև պոմպակայան է գործում դեռ խորհրդային տարիներից։ Քաղաքացին տեսել է մոտ 1-2 բեռնատար փայտանյութ, սակայն կան մեկնաբանություններ, թե իբր կուտակված է հարյուրավոր բեռնատարի փայտանյութ, ինչը սուտ է։ Մենք տարեկան մոտ 1000 խմ փայտանյութ ենք բաժանում անապահով ընտանիքներին։ Այս պահին հատումների քանակը 1200-ի սահմանում է, իսկ քաղաքացին տեսել է ընդամենը 5-6 ծառ»,- ասաց նա։
Պաշտոնյան ընդգծեց, որ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, լճի հարևանությամբ, մեկ շաբաթ առաջ հատվել են չորս ծառ, որոնք կենսունակ չեն եղել։
«Այդ ծառերը խնամքի բացակայության և տնտեսվարման սխալների հետևանքով արդեն անառողջ էին։ Բացի այդ, տարածքում կուտակված փայտանյութի մի մասն այնտեղ է տեղափոխվել այլ վայրերից․ օրինակ՝ մոտ 15 օր առաջ Մաշտոց-Ամիրյան հատվածում տապալված մեծ սոսին նույնպես տեղափոխվել է տվյալ տարածք»,- նշեց Բեգոյանը։