19 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասիսը մեր գոյության հիմնասյունն է, իսկ թշնամին լավ գիտի սիմվոլների նշանակությունը. հոգեբան

Մասիսը մեր գոյության հիմնասյունն է, իսկ թշնամին լավ գիտի սիմվոլների նշանակությունը. հոգեբան

«Ամեն ազգ ունի իր սիմվոլները․ դրանք կարող են լինել թե՛ բնության մասնիկներ, թե՛ հերոսներ ու նվիրյալներ։ Հայ ժողովրդի համար այդ սիմվոլներից ամենակարևորը Մասիսն է։ Այն ոչ միայն մեր խմբային, այլև անհատական ինքնության մասն է. ABC media-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Օրինակ՝ ես անձամբ առավոտները սկսում եմ Մասիսին նայելով․ սա մեր գոյության հիմնասյուններից մեկն է», – ասել է Նալչաջյանը։

Նրա խոսքով՝ թշնամին շատ լավ հասկանում է սիմվոլների նշանակությունը և իր հարվածներն ուղղում հենց դրանց․

«Եթե մենք ուրանանք Մասիսը, ուրեմն մեր ինքնության դեմ ինքնասպանությամբ քայլ կանենք։ Մեր ավանդույթները, մշակույթը, լեզուն, սրանք են, որ հյուսում են մեր ազգային ինքնությունը։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ արժեքների վրա է հարվածը»։

Հոգեբանն ընդգծում է, որ խաղաղության գաղափարը, որը շատ հարազատ է հայ ժողովրդի համար, հաճախ ներկայացվում է որպես խայծ․ «Իհարկե, խաղաղությունը ցանկալի է, բայց այն, ինչ մեզ այսօր առաջարկում են, խաղաղություն չէ։ Դա ժողովրդի անպաշտպանության և նոր արյունների ճանապարհն է։ Սա ամենամեծ սրիկայությունն է, որ կարելի է անել»։

Նալչաջյանի համոզմամբ՝ իշխանությունները ժողովրդին տանում են ստորաքարշ հոգեբանության, մինչդեռ անհրաժեշտ է ճիշտ հակառակը․

«Սկզբում զինանշանից հանում են Մասիսի պատկերը, հետո կասեն՝ նկարներում էլ պետք չէ, թուրքի նյարդերին է ազդում։ Այսպես մեզ փորձում են վերածել ազգի, որն այլևս ինքնություն չունի։ Իսկ առանց ինքնության, ժողովուրդը չի կարող լիարժեք ազգ համարվել։ Թշնամին մեզ տանում է դեպի այդ վիճակը»,-ասել է Նալչաջյանը։

Մասնագետը հուսով էր, որ ժողովուրդը չի հաշտվի այս ամենի հետ․ «Ես վստահ եմ՝ կգա պահ, երբ ժողովուրդը կանգ կառնի, կուղղի մեջքը և համարժեք պատասխան կտա»։

Ռազմագերիներ