
Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը․ հայտնի է պատճառը
Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»,-գրել է նա:
Մանուկյանը համատեղ ճանապարհի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական ընկերներին և դաշինքի անդամ մյուս պատգամավորներին։
«Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է: Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել: Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»,-գրել է նա: