
ԿԳՄՍ նախարարությունը կողմ է, քաղաքապետարանը՝ դեմ․ ո՞ւմ հետ են համաձայնեցվում նկարազարդումները Երևանում
Վերջին օրերին Երևանի տուֆից կառուցված շենքերի պատերին արվող նկարները լայն քննարկումների պատճառ են դարձել։ Եթե որոշներն այն դիտում են որպես քաղաքը «գունեղացնելու» և ժամանակակից մշակույթը զարգացնելու փորձ, ապա մասնագետները մտահոգվում են՝ նշելով, որ սրբատաշ տուֆի վրա գրաֆիտին կարող է վնասել քաղաքի պատմամշակութային շերտը։
Հիմնական քննարկումների առիթ է դարձել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի վրա ստեղծվող Անահիտ Աստվածուհու մուրալը։ Քանդակագործ Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ կտրուկ քննադատել է նախաձեռնությունը․
«Ոնց ա կարելի սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել»,– գրել է նա։
Ինստիտուտի հանրային կապերի պատասխանատուն պատասխանել է, որ թույլտվությունը նրանց տիրույթից դուրս է և ինստիտուտը գործընթացի մասին այլ տեղեկություն չունի։
Մուրալի նախաձեռնությունը պատկանում է CITY OF THE FUTURE YEREVAN STREET ART FEST նախագծին, որի հեղինակն է Դավիթ Խաչատրյանը, իսկ նկարիչը՝ ֆրանսիացի MTO Aerosolist-ը։
Դավիթ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ արգելվում է նկարներ անել պատմամշակութային շենքերի վրա, իսկ այս դեպքում խոսքը խորհրդային շրջանի շինության մասին է։ Խաչատրյանը վստահեցրել է, որ օգտագործվող բարձրորակ ներկերը տուֆը չեն վնասում և ժամանակի ընթացքում չեն քայքայվում։ Նա նշել է, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վրա մուրալի ստեղծման դեպքում համագործակցել են ԿԳՄՍ նախարարության հետ, քանի որ ուսումնական հաստատության շենք է։
Այս ամենին զուգահեռ նկարիչ-ակվարելիստ Պետո Պողոսյանը, ով երկար տարիներ զբաղվում է Երևանի տուֆաշեն կառույցների պատկերներով, ABC media-ի հետ զրույցում նշել է՝ լավ նկարչություն միշտ տեղ ունի, բայց ոչ սրբատաշ տուֆի ֆասադային շերտի վրա։ «Այն ինքնին մշակութային գործ է։ Մարդիկ տարիներ շարունակ շարվածք են արել, վարպետությամբ ստեղծել են այդ շերտը։ Ոչ մեկի դուրը չի գա, եթե իր կտավի վրա տասնյակ տարիներ անց նոր նկար ստեղծվի»,-ասել է մասնագետը։
Նա հավելել է, որ ինքը սեփական աշխատանքներում փորձել է ոչ թե ավելացնել, այլ վերականգնել վնասված տուֆը՝ նկարչության միջոցով այն դարձնելով համահունչ նախնական շարվածքին։
ABC media-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել։
«Քաղաքապետարանի դիրքորոշումն այն է, որ նկարազարդումները պետք է մաքրվեն»,– ասել է նա։
Այսպիսով, մի կողմից մուրալների նախաձեռնողները պնդում են, որ դրանք ժամանակակից մշակույթի կարևոր մաս են և չեն վնասում շենքերին, մյուս կողմից մասնագետները խոսում են Երևանի տուֆաշեն ճարտարապետության պահպանման մասին։