
Արդարության կոչ․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրական հաշտեցումը պահանջում է տեղահանվածների անվտանգ վերադարձ և բանտարկյալների ազատ արձակում․ The Washington Times
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի դուրս մղելուց 2 տարի անց, նրանց տները դատարկ են, իսկ ձայները բացակայում են աշխարհի վերնագրերից: Նրանք մոռացվել են ավելի աղետալի հակամարտությունների ֆոնին և անտեսվել, քանի որ Վաշինգտոնը միջնորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալուն: Այս հարցում ինչ-որ բան պակասում է, քանի որ խաղաղությունը չի կարող լինել էթնիկ զտումների վավերացումը։ Այս մասին գրում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, Կոլումբիայի իրավաբանական դպրոցի դասախոս Թոմաս Բեքերը The Washington Times-ում հրապարակված հոդվածում։
Ինչպես նկատում է հեղինակը, անցյալ ամիս, երբ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման խոստում, տեքստում ոչ մի հղում չկար ոչնչացված հայկական համայնքին կամ Բաքվում դեռևս պահվող 23 քաղբանտարկյալներին:
«Այս բացթողումները պետք է լուծվեն: Իրական հաշտեցումը պահանջում է, որ տեղահանվածներին երաշխավորվի անվտանգ վերադարձ, և բանտարկյալներն ազատ արձակվեն»,- գրում է Բեքերը։
Նա հիշեցնում է, որ հինգ տարի առաջ Ադրբեջանը լուրջ ագրեսիայի է դիմել։ Էթնիկ զտումների առաջին խոշոր փուլն ակտիվացել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց ռազմական հարձակում՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Բռնություններն անողոք էին: Ադրբեջանական ուժերը լայնածավալ խոշտանգումներ, խեղումներ և կրոնական վայրերի ոչնչացում են իրականացրել՝ անկլավից էթնիկ հայերին և նրանց պատմությունը վերացնելու հստակ մտադրությամբ: 44 օր անց հրադադար է կնքվել, բայց կոտորածը շարունակվել է:
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ուժեղացրել է իր հարձակումները Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև ինքնիշխան Հայաստանի գյուղերի վրա: Երկու ամիս անց Ադրբեջանը սկսել է Լաչինի միջանցքի շրջափակումը՝ միակ ճանապարհը և կենսական օղակը Լեռնային Ղարաբաղի և արտաքին աշխարհի միջև։ Ադրբեջանի կողմից սննդի, վառելիքի և դեղորայքի մուտքը կանխելու պատճառով սկսվել է մարդասիրական ճգնաժամ։ Մարդու իրավունքների համալսարանական ցանցը միացել է Genocide Watch-ին՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտին, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդականին և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազին՝ զգուշացնելով էթնիկ զտումների և հնարավոր ցեղասպանության մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի բնակչության սովամահության և հյուծվածության պայմաններում, Ադրբեջանը հասցրել է իր վերջնական հարվածը։ Այն սկսել է վերջնական ռազմական ներխուժում Լեռնային Ղարաբաղ և ընդամենը երկու օրվա ընթացքում վտարել Լեռնային Ղարաբաղի մնացած 100,000 էթնիկ հայերիին։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մոտ 150,000 մարդ է տեղահանվել։
Ալիևի և Փաշինյանի հետ օգոստոսյան հանդիպումից մեկ օր առաջ նախագահ Թրամփը Truth Social-ում հայտարարել էր, որ կկայանա «պատմական խաղաղության գագաթնաժողով»։ Հայտարարությունը ենթադրում էր երկու երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտության ավարտ և Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց վերադարձի հնարավոր ճանապարհային քարտեզ։ Հաջորդ օրն Ալիևն ու Փաշինյանը միացան Թրամփին Սպիտակ տանը, և երկու առաջնորդները ստորագրեցին խաղաղության խոստում։
Սպիտակ տունը հանդիպումը որակեց որպես «միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում, որը միայն պարոն Թրամփը կարող էր իրականացնել», իսկ Ալիևը հայտարարեց, որ ինքը և Փաշինյանը կառաջադրեն Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակի։ Որոշ մեկնաբաններ և լրագրողներ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջապես «ավարտվում է», բայց հանդիպումը պարզապես լուսանկարահանման համար էր։
Ոչ մի պարտավորեցնող պայմանագիր չստորագրվեց։ Փոխարենը երկու առաջնորդները ստորագրեցին խոստում՝ ավարտին հասցնելու առաջարկվող խաղաղության համաձայնագիրը, որը քննարկվել և նախաստորագրվել է հանդիպման ժամանակ։ Նախագծում ոչ մի տեղ չկար հիշատակում Լեռնային Ղարաբաղի մասին, որը երկու երկրների միջև հակամարտության կիզակետն է եղել, կամ իրենց հայրենիքից վտարված 150,000 մարդկանց մասին որևէ տող։
Դա համաձայնագիր էր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղի արմատախիլ արված ժողովրդի վերադարձի իրավունքը, այդ մարդկանց ոչնչացումը։ Որպեսզի խաղաղության համաձայնագիրը լինի իմաստալից և երկարատև, այն պետք է ներառի հակամարտությունից ամենաշատը տուժածների կարիքները։
«Նախ, համաձայնագիրը պետք է երաշխավորի վերադարձի իրավունքը։ Մի շարք միջազգային փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև Միջազգային դատարանի ձեռնարկած ժամանակավոր միջոցառումները, Ադրբեջանի վրա պարտավորություն են դնում ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների անվտանգ վերադարձի իրավունքը։ Համաձայնագիրը պետք է նաև ներառի արդարադատության մեխանիզմներ: Էթնիկ զտումների ընթացքում իրավունքների խախտումներ կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակառակ դեպքում՝ նրանց անպատժելիությունը կհանգեցնի հետագա անպատժելիության: Վերջապես, համաձայնագիրը պետք է նպաստի քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Ադրբեջանում պահվում է առնվազն 23 էթնիկ հայ, այդ թվում՝ նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որի հիմնադրամը ֆինանսավորվում է Նոբելյան մրցանակակիրների, ՄԱԿ-ի նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի և դերասան Ջորջ Քլունիի կողմից»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ եթե նշված պայմանները չներառվեն համաձայնագրում, ապա խաղաղություն չի լինի: