
Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն. գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.
- «Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագոռգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես։
- Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։
- Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տասը հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես։
- Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին և ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում։
- Քո հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսևորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան։
- Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես և ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգևել հայ ժողովրդին՝ դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ՝ պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա։
- Ինչևիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։
- Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին։