22 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքը հիասթափված է․ Փաշինյանը եսասեր է, ով չի տեսնում իր ձախողումները․ Washington Examiner

Սփյուռքը հիասթափված է․ Փաշինյանը եսասեր է, ով չի տեսնում իր ձախողումները․ Washington Examiner

Մինչ հայերը պայքարում են Լեռնային Ղարաբաղի ջախջախիչ կորստի հետ հաշտվելու համար, ԱՄՆ-ում սփյուռքահայերը հիասթափված են իրենց հայրենիքից։ Նրանցից շատերի համար Փաշինյանի կողմից ստորագրված վերջին նախնական խաղաղության համաձայնագիրը նվաստացուցիչ կապիտուլյացիա է․ գրել է Washington Examiner -ը։

Ամերիկահայ հաղորդակցության ռազմավար Ստեֆան Պեչդիմալջին կայքի հետ զրույցում նշել է, որ հայերը շատ վրդովված են այն փաստից, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին այնքանով, որքանով պետք է։ «Անկախ նրանից՝ Բայդենն է, Թրամփը, թե Օբաման, հայերը զգում են, որ իրենց խաբել են բազմաթիվ վարչակազմեր»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջիններս առաջադրվում են՝ ելնելով ի շահ իրենց պաշտոնի և հիանալի խաղ են խաղում։ Նրանք փնտրում են ձայներ և փող, բայց պաշտոնը ստանձնելուց հետո պարզապես խոնարհվում են Անկարայի կամ Բաքվի առջև։

Հոդվածում շեշտվել է, որ մինչ Փաշինյանի կառավարությունը հույս ունի նոր էջ բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սփյուռքն ավելի կասկածամիտ է։

Երբ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Լեռնային Ղարաբաղի համար երկրորդ պատերազմն, ամերիկահայերը հանրահավաքներ անցկացրեցին և փորձեցին բարձրացնել իրազեկվածությունը ցանկացած ձևով։ Այս կոչերը մեծ մասամբ անպատասխան մնացին, քանի որ ամերիկացիների մեծ մասն ավելի շատ կենտրոնացած էր COVID-19 համավարակի և 2020 թվականի լարված ընտրությունների վրա, քան՝ մի հակամարտության, որի մասին քչերը գիտեին։

Վաշինգտոնը մեծ մասամբ հետ մնաց և չմիջամտեց դրան՝ գիտակցելով, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական դաշնակիցն է՝ ԱՄՆ-ի հետ քիչ բարձր մակարդակի կապերով։ Ավելին, Ադրբեջանի երկու ամենամոտ դաշնակիցներն էին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Իսրայելը, որը երկար ժամանակ ԱՄՆ օրենսդիրների սիրելին էր։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները հաջորդ երեք տարիների ընթացքում անկայուն դիրքում էին՝ կտրված աշխարհից, մինչև 2023 թվականի վերջնական հարձակումը, որի հետևանքով՝ գրեթե բոլոր 100,000 բնակիչները փախան Հայաստան՝ լքելով այն տարածքը, որը հայերը զբաղեցրել էին մի քանի հազարամյակներ։

Պեչդիմալջին նշել է․ «Չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա պատրաստվում է լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի հետ։ Բայց… նրանք անպայմանորեն դիտարկում են մաս առ մաս, տարածաշրջան առ տարածաշրջան խլելը։ Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե TRIPP-ը գործընթացի մի մասն է, որտեղ նրանք սա դիտարկում են որպես հնարավորություն՝ երկրի որոշակի մասեր խլելու համար»։ Նա հավելել է, որ տնտեսական ասպեկտն ավելի շատ կծառայի որպես մահակ, քան՝ զսպում։

«Ամերիկայի Հայ ազգային կոմիտե» հայ-ամերիկյան իրավապաշտպան խմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես իր կասկածամտությունն է հայտնել»։

Այնուամենայնիվ, ամերիկահայերի կարծիքով՝ գործարքի հետ կապված հիմնական խնդիրն իրական կենտրոնական հարցերը չլուծելն է։ Դրանք ներառում են Բաքվում դատվող արցախցի առաջնորդներին, որոնց հայերը գրեթե միաձայն անվանում են «պատանդներ», Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանման երաշխիքները և հայ փախստականների վերադարձի իրավունքը։

Համբարյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը պետք է լինի հայ փախստականների վերադարձը, և որ դա չանելը վտանգավոր նախադեպ կստեղծի։

«Ընդհանուր պատկերում՝ դա նորմալացնում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները»,- նշել է նա։ Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանը «յուրաքանչյուր քայլով պարգևատրվել է այն բանի համար, ինչը ես պատկերացնում եմ որպես վերջին կես դարի ամենամեծ էթնիկ զտումներից մեկը»։

Փաշինյանը մեծ ժողովրդականություն էր վայելում սփյուռքահայերի շրջանում 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ իշխանությունը ստանձնելուց հետո՝ պահպանելով լավ հարաբերություններ նրանց հետ և համայնքային այցելություններ կատարելով իր միջազգային ուղևորությունների ժամանակ։ Ամեն ինչ փոխվեց պատերազմով և Լեռնային Ղարաբաղի կորստով, ինչը վնասեց Փաշինյանի հեղինակությունը հայերի շրջանում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտերկրում։ Նրա բազմաթիվ քննադատները նրան համարում են եսասեր և իր ձախողումները չտեսնող։

«Նա պարզապես կրկնում է. «Ես ճիշտ եմ։ Ես ճիշտ եմ։ Ես խելացի եմ։ Բոլոր մյուսները մի տեսակ հիմար են» կամ նման մի բան»,- նշել է Համբարյանը։

Փաշինյանի հեղինակությունն սփյուռքում էլ ավելի է վնասվել Հայ Առաքելական եկեղեցու՝ հայերի ամենասիրված հաստատության հետ նրա վերջին պայքարի պատճառով:

«Հայոց եկեղեցին նման է ընդհանուր հողի։ Այն նման է անվտանգ տարածքի։ Այն հայկական աշխարհի ծանրության կենտրոնն է»,- նշել է Համբարյանը։

Ռազմագերիներ