
Ի՞նչ է հայտնի ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մասին
Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը վերադարձել է Ադրբեջանից։ Սիմոնյանը Բաքվում էր սեպտեմբերի 19-21-ը՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
«Անհրաժեշտության դեպքում Սիմոնյանը կմանրամասնի, թե ինչ է քննարկել Բաքվում»,-հայտարարել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Հայտնի չէ, թե ինչ է քննարկել ԱԱԾ տնօրենը Բաքվում, արդյոք գերիների վերադարձը եղե՞լ է օրակարգում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Ալիևը ստացավ միջազգային իմիջ, իսկ հայկական կողմը՝ կրկին ոչինչ։
«Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։ Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնար մեր ռազմագերիների հետ միասին։ Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային PR-ը»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Սուրենյանցը։
Ավելի վաղ՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Սիմոնյանը հնարավորություն ունենա, ապա կայցելի հայ գերիներին։
Ինչքան Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունները նորմալիզացվեն, այդքան դա կնպաստի նաև մեր գերիների վերադարձին»,-վստահեցրել էր պատգամավորը
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին է վստահեցրել է, որ ԱԱԾ պետը զբաղվում է գերիների խնդրով։ Ըստ Քոչարյանի՝ Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է Արմեն Աբազյանի աշխատանքը։
«ԱԱԾ նախկին տնօրեն պարոն Աբազյանը, լինելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, միշտ ունեցել է հանդիպում, իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիների և անհայտ կորածների հարցերը բարձրաձայնելուն, և քանի որ հիմա տվյալ կառույցի ղեկավարն Անդրանիկ Սիմոնյանն է, շարունակելու է աշխատանքը, որովհետև այդ աշխատանքը Կառավարության որոշմամբ հաստատված է, և միչգերատեսչական հանձնաժողովը գործում է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավորը։