
Էրդողանին «ձայնազուրկ» են արել ՄԱԿ-ում
ՄԱԿ–ում Պաղեստինի հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատվել է։ Նշվում է, որ թուրք առաջնորդը կոշտ հայտարարություններ էր անում տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության մասին։ Թուրքական «Սաբահ» թերթը ենթադրել է, որ դա կիբեռհարձակում է եղել։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատմական ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատվել է։ Ենթադրություններ կան, որ նախագահ Էրդողանի ելույթը դիտավորյալ ընդհատվել է, կամ որ կիբեռհարձակում է տեղի ունեցել», – գրում է թերթը։
Պետական TRT Haber հեռուստաալիքով և Anadolu գործակալության սոցցանցի էջում Էրդողանի ելույթի հեռարձակման ժամանակ միկրոֆոնն իսկապես անջատվել է։
«Ներողություն ենք խնդրում, տիկնայք և պարոնայք։ Խոսում է թարգմանիչը։ Ես չեմ լսում նախագահին»,- հայտարարվել է անգլերեն լեզվով հեռարձակման ժամանակ։
«Մենք տեխնիկական խնդիր ունենք», – հավելել է թարգմանիչը։
Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։