
Փորձում է համոզել հանրությանը, որ մեր հայրենասիրությունն ու նվիրական երազանքները սխալ էին․ Մամիջանյանը` Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ABC Media-ի հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել հանրությանը՝ ներկայացնելով, թե մեր բոլորի նվիրական երազանքներն ու հայրենասիրությունը, ինչպես նաև աշխարհընկալումը, սխալ կամ ավելորդ էին։
«Ես վստահ եմ, որ մի հասարակություն, որտեղ չկա գոնե մեկը, որի հարազատը հերոսաբար չի մասնակցել այս պայքարին, և չկա մեկը, ով իր ուժերի ներածի չափով ներդրում չի ունեցել մեր բոլորի նվիրական երազանքի իրականացման հարցում, թույլ չեն տա, որպեսզի Փաշինյանը վզին փաթաթի այն գաղափարը, թե Արցախը «բեռ» կամ «թոք» էր, ինչպես ինքն է արտահայտվում կամ որևէ նման բան»,- նշեց Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով՝ սա նորություն չէ. «Փաշինյանը նման բովանդակությամբ հոդվածներ է գրել դեռ այն ժամանակ, երբ աշխատում էր , որպես խմբագիր՝ վարձավճարով։ 2021 թվականին նրա նպատակն էր խաբել քաղաքացիներին՝ ձայն ստանալու համար․ նա հայտարարում էր, որ Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կլուծի երեք հիմնարար սկզբունքների և «անջատում փրկության համար» մոտեցման հիման վրա: Սակայն այսօր նա ցույց է տալիս իր իրական դեմքը»,- ընդգծել է պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է Փաշինյանի կողմից ՀՀ երեք նախագահներին բանավեճի հրավիրելու նախաձեռնությանը ՝նշելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և իրենց խմբակցության անունից պահանջում են հրապարակել բանակցային փաթեթները, մասնավորապես` 2019 թվականին առաջարկված համանախագահների փաթեթը։ Մամիջանյանի խոսքով՝ երբ դրանք հրապարակվեն, բանավեճի կարիք այլևս չի առաջանա։