
Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել․ РИА Новости
Նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, որը երեկ փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկությունների համաձայն, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսարանում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ավագյանն ինքնասպան է եղել հյուպատոսարանի շենքում», – նշել է գործակալության աղբյուրը։
Ըստ Ալիք 78-ի տեղեկության՝ Ավագյանը մտել է զուգարան և դուռը չի բացել։ Հայաստանի հյուպատոսության աշխատակիցները զանգահարել են շտապօգնություն և փրկարար ծառայություն։ Փրկարարները դուռը բացելուց հետո հայտնաբերել են նախկին պաշտոնյային անգիտակից վիճակում։ Շտապօգնության աշխատակիցները նրան մահացած են ճանաչել։
Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տարածվել էր Ավագյանի տեսաուղերձը, որում նա խոստովանել էր, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ-ի հյուպատոսարանում։ Նա պահանջում էր արտահանձնել իրեն ՀՀ-ին։ Ավագյանի խոսքով՝ ՀՀ իրավապահները չեն կարողանում տալ պատասխան, թե ինչո՞ւ չեն կարողանում ՀՀ քաղաքացու համար ձևակերպել արտահանձնման պահանջ։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի «Ռոսռեեստր» և «Ռոսիմուշչեստվո» գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու համար: Նա փախել էր դատարանից «ծխել գնալու» պատրվակով, ինչի մասին հայտնել էր РБК-ն։
Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ գործը քննվում է 2024 թվականի ապրիլից: Գործով ներգրավված է ընդհանուր առմամբ 21 անձ: Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևայի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 22-ին մեղադրյալը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ: Նրա գործը կասեցվել է, իսկ Ավագյանը ազատ է արձակվել կալանքից։
«Սակայն գործը վերաբացելու միջնորդություն է ներկայացվել ՝ այս պայմանագրի խզման և Ավագյանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնելուց հրաժարվելու պատճառով։ Միջնորդությունը քննվել է դատական նիստում՝ նախնական կալանքի հարցի հետ միասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այս պահին Ավագյանը դուրս է եկել դատարանից և անհետացել», -նշել էր նա։ Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել մեղադրյալին։
Անցյալ տարվա ապրիլին Коммерсантъ թերթը հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է ուղարկել Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարան՝ Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ, որոնք մեղադրվում են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի մաքսային տուրքերից խուսափելու համար։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ քողարկված որպես ավելի էժան շինանյութեր։
Նախկին պաշտոնյան առաջին անգամ ձերբակալվել էր Մոսկվայում 2016 թվականի հուլիսին մաքսանենգության գործի կապակցությամբ։ Այնուհետև, նկատմամբ կիրառվել է տնային կալանք, սակայն Ավագյանը փախել էր Հայաստան և բողոք ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ անհիմն հետապնդման մասին։ РБК -ի աղբյուրը հայտնել է, որ քրեական հետապնդման հիմքեր, ի վերջո, չեն հայտնաբերվել։
2018 թվականի ամռանն Ավագյանը դիմել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ Հայաստանում իր քաղաքական կարիերայի պատճառով։