24 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա փախել է դատարանից՝ «ծխել գնալու» պատրվակով․ РБК-ի անդրադարձը Բորիս Ավագյանին

Նա փախել է դատարանից՝ «ծխել գնալու» պատրվակով․ РБК-ի անդրադարձը Բորիս Ավագյանին

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Մինչ այս տեղեկությունը, ռուսական РБК-ն, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգի «Ռոսռեեստր» և «Ռոսիմուշչեստվո» գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին, գրել է, որ նա մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու համար: Ըստ լրատվամիջոցի՝ նա երեկ փախել է դատարանից՝ «ծխել գնալու» պատրվակով:  

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը կայքին հայտնել էր, որ Ավագյանը թաքնվում է Պետերբուրգի Վասիլևսկի կղզու Մեծ պողոտայում գտնվող Հայաստանի հյուպատոսարանում: Տեղական դատախազությունը պահանջում էր նրա արտահանձնումը:

Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ գործը քննվում է 2024 թվականի ապրիլից: Գործով ներգրավված է ընդհանուր առմամբ 21 անձ: Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևայի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 22-ին մեղադրյալը պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ: Նրա գործը կասեցվել է, իսկ Ավագյանն ազատ է արձակվել կալանքից։

«Սակայն գործը վերաբացելու միջնորդություն է ներկայացվել ՝ այս պայմանագրի խզման և Ավագյանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնելուց հրաժարվելու պատճառով։ Միջնորդությունը քննվել է դատական նիստում՝ նախնական կալանքի հարցի հետ միասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այս պահին Ավագյանը դուրս է եկել դատարանից և անհետացել», -նշել էր նա։ Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել մեղադրյալին։

Անցյալ տարվա ապրիլին Коммерсантъ թերթը հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է ուղարկել Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարան՝ Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ, որոնք մեղադրվում են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի մաքսային տուրքերից խուսափելու համար։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ քողարկված որպես ավելի էժան շինանյութեր։

Նախկին պաշտոնյան առաջին անգամ ձերբակալվել էր Մոսկվայում 2016 թվականի հուլիսին մաքսանենգության գործի կապակցությամբ։ Այնուհետև, նկատմամբ կիրառվել է տնային կալանք, սակայն Ավագյանը փախել է Հայաստան և բողոք ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ անհիմն հետապնդման մասին։ РБК -ի աղբյուրը հայտնել էր, որ քրեական հետապնդման հիմքեր, ի վերջո, չեն հայտնաբերվել։

2018 թվականի ամռանն Ավագյանը դիմել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ Հայաստանում իր քաղաքական կարիերայի պատճառով։

 

Ռազմագերիներ