
Նա մարտիկ էր, ով չէր սիրում պարտվել․ Բորիս Ավագյանի փաստաբանները չեն հավատում նրա ինքնասպանության վարկածին
«Ռոսիմուշչեստվո»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի փաստաբան Կոնստանտին Տարասենկոն Известия-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալը չի փախել դատարանից, այլ գնացել է իր գործերով, քանի որ նրա կարգավիճակն այդ պահին որոշված չէր։ Փաստաբանը և նրա պաշտպանյալը վերջին անգամ զրուցել են գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում։
«Մենք քննարկել ենք նրա հետագա պաշտպանության ռազմավարությունը քրեական գործի շրջանակում», – նշել է Տարասենկոն։
Պաշտպանի խոսքով՝ այն տեղեկությունը, թե Ավագյանը ռազմական ոստիկանության ուղեկցորդից խնդրել է ծխելու գնալ՝ փախչելու համար, կեղծ է։ Փաստաբանը նշել է, որ Ավագյանին դատարանում տեղեկացրել են, որ նա զինծառայող չէ, և նրա պայմանագիրն արդեն դադարեցվել է։
«Երբ նրան բերման են ենթարկել, դատարանում ասել են, որ նա զինծառայող չէ, ինչը նշանակում է, որ ռազմական ոստիկանությունն իրավական հիմքեր չունի նրան ուղեկցելու», – նշել է Տարասենկոն։
Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան՝ Նատալյա Չեռնիկովան, RT-ին հայտնել է, որ չի հավատում, որ իր պաշտպանյալն ինքնասպան է եղել։ Նա ընդգծել է, որ դրա մասին է վկայում նրա բնավորությունը․ նա մարտիկ է, «ով չի սիրում պարտվել», և հավատացյալ մարդ։
«Նա հիանալի գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է։ Նա հաշվի է առնում ցանկացած իրադարձության հետևանքները։ Ես չեմ կարծում, որ նա այդ մասին չէր մտածել», – նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում մահացած են գտել արցախցի գործիչ Բորիս Ավագյանին։ Նա եղել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչը՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին։ Հայտնի էր ակտիվ հասարակական դիրքորոշումներով, մասնավորապես՝ 2021 թվականին ռազմագերիների հարցով քննադատել էր Հայաստանի իշխանություններին, ինչի պատճառով հեռացվել էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ավագյանի անվան շուրջ մեկ այլ սկանդալ էլ բարձրացել, երբ նա միջազգային կազմակերպություններին մեղադրել էր, օրինակ՝ HALO Trust-ին՝ ադրբեջանական հատուկ ծառայություններին ականապատման քարտեզներ փոխանցելու համար, սակայն կազմակերպությունը հերքել էր այդ մեղադրանքները։
Ավագյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ սահմանի անօրինական հատման և փողերի լվացման մեղադրանքներով։ 2016 թվականին նա ձերբակալված էր եղել մաքսանենգության գործի շրջանակում, իսկ 2021 թվականին Սանկտ Պետերբուրգում նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով հանցավոր խմբի ստեղծման և էժան շինանյութի անվան տակ տեխնիկայի ներմուծման համար:
Ըստ ռուսական մամուլի՝ ինքնասպանությունից ժամեր առաջ նախկին պաշտոնյան փախել է դատարանից՝ «ծխելու» պատրվակով և թաքնվել ՀՀ հյուպատոսարանում։ Նա ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին՝ նախաքննության և դատարան ներկայացնելու համար։
2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ինքնասպանությունից ժամեր առաջ, նա կրկին կապ է հաստատել լրատվամիջոցներից մեկի հետ՝ նշելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում և պատրաստ է ազատորեն արտահանձնվել Հայաստանի իրավապահներին։