
Բենզինի պահեստի պայթյունից երկու տարի անց մարդիկ չեն մոռանում անգամ պայթյունի ձայները
Արցախի բռնի տեղահանության առաջին օրը տասը ամիս տևած բլոկադայից հետո քաղաքացիները բենզին ստանալու հերթում էին, երբ երեկոյան պայթյուն որոտաց։ Հարյուրավոր զոհեր, այրված մարդիկ փրկության էին վազում դեպի այն հիվանդանոցը, որ տասը ամիս շրջափակման պայմաններում էր գործել։ Բժիշկների մեծ մասը գաղթի ճանապարհին էր, բուժվել ցանկացողները շատ էին, դեղամիջոցները՝ խիստ պակաս։ Քաղաքացիները ծանր այրվածքներով, կիսամերկ վազում էին Ստեփանակերտի փողոցներում՝ մարմինը հովացնելու, սառնություն զգալու և ապրելու համար։ Փողոցում քայլելիս, բենզինի պայթյունի վայրում ու համարյա հիվանդանոցի դռան մոտ տասնյակ քաղաքացիներ մահացան՝ չդիմանալով ցավին ու այրվածքների խորությանը։
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվեց 219 մարդ, վիրավորվեց 300-ը, անհետ կորավ 22-ը։
Պայթյունից մեկ օր անց միայն Ադրբեջանը թույլ տվեց վիրավորներին ինքնաթիռներով տեղափոխել Հայաստան՝ այրվածքաբանական կենտրոն։ Այրվածք ստացած քաղաքացիներից զոհվեցին ինքնաթիռներում ու բժշկական ձեռքը նրանց չհասավ, մի մասը՝ մոտ 30 հոգի ՀՀ հոգացությամբ բուժում ստացավ արտասահմանում։
Բենզինի պայթյունից այրված և ողջ մնացած քաղաքացիներին տարբերելը հեշտ է․ ձեռքերից միանգամից երևում է․ նրանք ջանում են աշխատել, բայց գրեթե միշտ ձեռնոցներով։ Փորձում են շարժել մատները, փորձում են գործի դնել ոտքերը։ Վերջին երկու տարում ոմանց հաջողվել է հաղթահարել ու անցնել այդ փուլերով, ոմանց դեռ չի հաջողվել անգամ ապրել առանց պայթյունի ձայների ու կադրերի։
Առանձնահատուկ ցավի մեջ են ապրում պայթյունի ժամանակ անհետ կորած 22 քաղաքացիների ընտանիքները։ Նրանցից մեկի՝ Կարինե Բաղդասարյանի հետ դեռ ամիսներ առաջ էինք զրուցել։ Կառավարության, Արտգործնախարարության, ԱԱԾ-ի ու պետական մյուս կառույցների դռների առաջ նրան ու մյուս 21-ի հարազատներին հաճախ ենք հանդիպում․ փնտրում են՝ «որտեղ են իրենց հարազատները» հարցի պատասխանը, անհետ կորածներին գտնելու հույսով։