25 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղադրույքները բարձր են․ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Փաշինյանի քաղաքական ապագայի համար․ OBCT

Խաղադրույքները բարձր են․ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Փաշինյանի քաղաքական ապագայի համար․ OBCT

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի իր քաղաքական գինը․ գրում է Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն։

Նշվում է, որ սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Արարատ լեռը նոյեմբերից կհեռացվի Հայաստանի սահմանային դրոշմանիշներից: Այս որոշումն առաջացրել է ընդդիմության փոթորկուն քննադատությունը։

Սա ընդգծել է Փաշինյանի համար նուրբ հավասարակշռությունը պահպանելու խնդիրը, իսկ ՀՀ վարչապետի քաղաքական ճակատագիրը կապված է նրա «խաղաղության օրակարգի» հետ: 2026 թվականի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների և նրա վարկանիշի՝ բոլոր ժամանակների ամենացածր մակարդակի պայմաններում Փաշինյանը հույս ունի զգալի առաջընթաց գրանցել տարածաշրջանային ամբողջականության պահպանման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում: Ընդդիմադիր ուժերն արդեն սկսել են ենթադրյալ զիջումները ներկայացնել որպես ազգային ինքնության դավաճանություն:

«Հեգնական է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը, որն այժմ երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է Հայաստանի Ազգային ժողովում, ևս փորձել է կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ: 2009 թվականի Ցյուրիխի արձանագրությունները տապալվեցին երկու երկրներում քաղաքական դիմադրության և պատմության, ինչպես նաև Ադրբեջանի հետ հակամարտության լուծման շուրջ անհամաձայնությունների ֆոնին: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական հարաբերություններ գոյություն ունեն: Օրինակ՝ թուրքական ապրանքանիշերը հեշտությամբ հասանելի են Երևանում, և մեծ թվով հայեր անօրինական աշխատում են Թուրքիայում»,- նշվում է հոդվածում։

Աղբյուրը գրում է, որ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն։ Հայաստանը պնդում է, որ պատրաստ է անմիջապես պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, չնայած Բաքուն Երևանից դեռևս պահանջում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք, հավանաբար, կհետաձգեն ցանկացած ստորագրում։ Թուրքիան պնդում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Բաքվի հետ խաղաղության համաձայնագրից հետո։ Այնուամենայնիվ, դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի առաջին կեսին՝ ընտրություններից անմիջապես առաջ։

Փաշինյանի համար խաղադրույքները բարձր են։ Նրա ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել 2018 թվականից ի վեր, և նա խաղասեղանին է դրել իր քաղաքական ապագան։ Ալիևի և Էրդողանի դեպքում հաջողությունը կընդլայնի նրանց տարածաշրջանային ազդեցությունը և կբացի նոր տնտեսական հնարավորություններ։ Վաշինգտոնի համար դա կնշանակեր անսպասելի դիվանագիտական հաղթանակ, քանի որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ջանքերը ձախողվում են։

Ռազմագերիներ