26 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը հանդիպման ընթացքում․ մանրամասներ

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը հանդիպման ընթացքում․ մանրամասներ

Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը․ հայտնում են Կառավարությունից։

«Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է»,-ասել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով, և որ կողմերը խոսելու շատ թեմաներ ունեն, չնայած հանդիպել էին վերջերս

«Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:

Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է․ «Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր»։

Ռազմագերիներ