29 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ լեռան «հեռացումը» և Հայաստանի «Չորրորդ Հանրապետությունը»․ ՀՀ-ում վերանայում են ազգային ինքնությունը․ DW

Արարատ լեռան «հեռացումը» և Հայաստանի «Չորրորդ Հանրապետությունը»․ ՀՀ-ում վերանայում են ազգային ինքնությունը․ DW

Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են պետական խորհրդանիշերի փոփոխություններ, որոնք ազգային ինքնության ավելի լայն վերանայման միայն մի մասն են կազմում: Ամենաակնառու քայլն Արարատ լեռան հեռացումն էր սահմանային դրոշմանիշերից․ գրում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ Արարատ լեռը, չնայած գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, ունի հսկայական նշանակություն հայ ժողովրդի համար: Ըստ Աստվածաշնչի՝ այստեղ է կանգ առել Նոյի տապանը Մեծ ջրհեղեղից հետո, ինչն այն դարձնում է սրբազան քրիստոնյաների համար և վերածննդի խորհրդանիշ: Արարատը պատկերված է Հայաստանի ազգային զինանշանի վրա՝ Նոյյան տապանի կողքին՝ ընդգծելով դրա դերը պետական խորհրդանիշի և ազգային ինքնության հարցում: Լեռը նաև ոգեշնչման աղբյուր է հայ նկարիչների և բանաստեղծների համար և տեղ է գտել ազգային առասպելներում ու լեգենդներում:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե ազգային խորհրդանիշերի և պատմությունների վերափոխումն արտաքին սպառնալիքները նվազեցնելու «անհրաժեշտ ուղի» է:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 11-ին Կառավարության կողմից Արարատ լեռան պատկերը պետական սահմանի դրոշմանիշերից հանելու որոշումը լայն քննարկումներ է առաջացրել։ Չնայած այս որոշումը գաղտնի չէր, այն ներառված էր զեկույց չպահանջող հարցերի փաթեթում, և դրա մասին տեղեկատվությունը մամուլում հայտնվել է ավելի ուշ։

Խորհրդանշանների վերանայման գործընթացը, ինչպես բացատրում են հայ փորձագետներն ու մեկնաբանները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ավելի լայն հայեցակարգի ՝ «Չորրորդ Հանրապետության» մաս է կազմում։ Այս հայեցակարգը, որը նաև անվանում են «Իրական Հայաստան», նպատակ ունի գիծ քաշել այսօրվա իրականության և Հայաստանի պատմական ընկալումների միջև՝ ենթադրելով, որ պատմական ընկալումները չպետք է ընկած լինեն ներկայիս պետության պատմության հիմքում։

Խորհրդանիշերը փոխելու և «Չորրորդ Հանրապետություն» հռչակելու նախաձեռնությունները տարբեր արձագանքներ են ստացել։ Կառավարության հակառակորդները դրանք համարում են ձախողումներն արդարացնելու և տարածքների կորստի համար պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը DW-ի հետ զրույցում նշել է․ «Այս քայլերը պարզապես ծառայում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն, որոնք հայ հասարակությանը ներկայացվում են որպես խաղաղության հասնելու պայմաններ»: Պատգամավորն Արարատի պատկերի հեռացումը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ոորը նախկինում պահանջել էր լեռը հեռացնել նույնիսկ երկրի զինանշանից: Նա նաև կարծում է, որ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները նույնպես կապված են Բաքվի պահանջների հետ:

Ռազմագերիներ