29 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մշակութային ժառանգության» անվան տակ Ադրբեջանը հող է նախապատրասում ՀՀ-ի նկատմամբ հետագա տարածքային պահանջների համար․ Хроника Кавказа

«Մշակութային ժառանգության» անվան տակ Ադրբեջանը հող է նախապատրասում ՀՀ-ի նկատմամբ հետագա տարածքային պահանջների համար․ Хроника Кавказа

Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ջեյհուն Մամեդովի վերջերս արած հայտարարությունը տեղի լրատվական պորտալի հետ զրույցում շատ ավելի լայն քաղաքական ենթատեքստ ունի, քան կարող է թվալ․ գրում է Хроника Кавказа-ն՝ մեջբերելով ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերը։ 

Մամեդովը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանում կա ավելի քան 300 մզկիթ, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների մոտ 500,000 գերեզման և տասնյակ մշակութային հուշարձաններ։ Ադրբեջանը նաև պահանջում է, որ այդ հուշարձանները վերականգնվեն։ Դրանց պաշտպանությունն ու վերականգնումը պետք է տեղի ունենա ներկայիս Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում են ադրբեջանական պատմամշակութային վայրերը։ Այս հարցերը բազմիցս բարձրացվել են Հայաստանի հետ բանակցություններում։ Հայերը պետք է նաև աշխատեն այս պահանջները կատարելու ուղղությամբ, և ես կարծում եմ, որ նրանք դա կանեն»։

Ինչպես նկատում է կայքը,  խոսքը ոչ այնքան մշակութային ժառանգության մասին է, որքան տարածքների և ինքնության վերանայմանը միտված հստակ քաղաքական ծրագրի։

Այս հայտարարությունը հատուկ ուշադրության է արժանի, նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխող վերնախավը մշտապես Հայաստանի Հանրապետության տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս տերմինը որևէ պատմական, աշխարհագրական կամ իրավական հիմք չունի։ Այն առաջին անգամ պաշտոնապես ներդրվել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին՝ «Ղարաբաղյան հարցի փակման» մասին հայտարարությունից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից ի վեր «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը դարձել է ոչ միայն պաշտոնական դիսկուրսի, այլև՝ դպրոցական դասագրքերի մաս։ Դրա օգտագործումն էքսպանսիոնիստական քաղաքականության արտահայտություն է։

Երկրորդ կարևոր ասպեկտը վերաբերում է մշակութային ժառանգությունը որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելուն: Մամեդովի պնդումները, թե մզկիթների վերականգնումը ենթադրաբար կնպաստի վստահության կառուցմանը և խաղաղության գործընթացին, ըստ էության, բանակցային լծակի ձև են, այլ ոչ թե իրական մշակութային մտահոգություն: Այս մոտեցումը հասնում է երկու նպատակի. միջազգային մակարդակով Ադրբեջանը ձգտում է ներկայանալ որպես «մշակութային արժեքների պաշտպան», մինչդեռ երկրի ներսում նման պահանջները ներկայացվում են որպես «պատմական իրավունքների վերականգնում»՝ ամրապնդելով հասարակության ներսում տարածքային պահանջները:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը լռում է կամ դիտավորյալ անտեսում է այն փաստը, որ հենց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում, համակարգված կերպով ոչնչացվում է հայկական և քրիստոնեական մշակութային ժառանգությունը: Մի շարք միջազգային կազմակերպություններ փաստաթղթավորել են հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և գերեզմանատների ոչնչացման, վնասման, կեղծման, յուրացման դեպքերը: Միջազգային մամուլը լայնորեն լուսաբանել է հայկական եկեղեցիների «վերականգնումը», որի ընթացքում աղավաղվել է դրանց տեսքն ու ինքնությունը: Սա պահպանում չէ, այլ մշակութային ժառանգության համակարգված վերափոխում՝ հայկական ներկայության հետքերը ջնջելու նպատակով», – գրում է Хроника Кавказа-ն։

Նշվում է, որ հատկապես խոսուն է այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները հրապարակավ պահանջում են վերականգնել «ադրբեջանական» հուշարձանները հայկական տարածքում՝ անտեսելով Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Եթե Բաքվի մտադրություններն իսկապես անկեղծ լինեին և ուղղված լինեին խաղաղությանը, ապա առաջին քայլը պետք է լիներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հուշարձանների պահպանումը թափանցիկ միջազգային մոնիթորինգի ներքո ապահովելը: Առանց դրա՝ Ադրբեջանի հայտարարությունները նման են քաղաքական պահանջներն օրինականացնելու փորձի, քան՝ ժառանգության նկատմամբ հոգատարության։

Ինչպես նշվում է հոդվածում, հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ մշակութային ժառանգության թեման զարգանում է «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ մեկտեղ, որն արդեն ներառված է դպրոցական դասագրքերում: Սա ցույց է տալիս, որ հարցը դիտարկվում է ոչ թե մշակութային արժեքների պահպանման, այլ՝ ապագա տարածքային պահանջների ձևավորման տեսանկյունից: Կրթական համակարգի միջոցով պատմական հիշողության վերաշարադրումը նպատակ ունի երիտասարդ սերունդների մեջ սերմանել այն գաղափարը, որ հայկական տարածքներն Ադրբեջանի «վերականգնված իրավունքների» մաս են կազմում:

Նման նախաձեռնություններին Հայաստանի արձագանքը հաճախ լռությունն է, ինչն իրականում ավելի շատ վնաս է հասցնում, քան՝ օգուտ։ Լռությունը տարածք է թողնում ադրբեջանական հռետորաբանության համար՝ թույլ տալով Բաքվին միակողմանի պատմությունը ներկայացնել որպես «իրականություն»։

Ռազմագերիներ