30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատավարություն աբսուրդի ժանրից․ Ռուբեն Վարդանյանը և Բաքվի մյուս բանտարկյալները մեղավոր են միայն նրա համար, որ հայ են․ փաստաբան

Դատավարություն աբսուրդի ժանրից․ Ռուբեն Վարդանյանը և Բաքվի մյուս բանտարկյալները մեղավոր են միայն նրա համար, որ հայ են․ փաստաբան

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Ի՞նչ է կատարվում նրա և Բաքվի կողմից պահվող մյուս հայ գերիների հետ: Այս և այլ հարցերին EADaily-ի հետ զրույցում անդրադարձել է փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»–ի տնօրեն և ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝  հիմնարար իրավական սկզբունքներին հակառակ, մեղադրական եզրակացությունից փաստացիորեն հասկանալի է, որ Ռուբեն Վարդանյանը «մեղադրվում է» բուն հայկական ծագման համար։

«Սա ակնհայտ է մեղադրանքների ձևակերպման մեջ. հայ ազգին պատկանելիությունը ներկայացվում է որպես քրեական հետապնդման հիմնական հիմք։ Երկրորդ՝ մեղադրական եզրակացությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150,000 հայ, ներկայացվում է որպես հանցավոր կազմակերպություն։ Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Մեղադրական եզրակացությունում վերջինը մեկնաբանվում է որպես ատելության հրահրում։ Այսպիսով, փաստաթուղթը ստեղծում է քրեականացման մի ձև՝ հետադարձ ուժով անօրինական համարելով այն քաղաքական կազմավորումը, որը տասնամյակներ շարունակ բանակցություններ է վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չճանաչված հանրապետություն ժամանելուց 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար», – նշել է Սահակյանը։

Նա հավելել է, որ, ըստ մեղադրական եզրակացության, Ռուբեն Վարդանյանն «անօրինական կերպով հատել է Ադրբեջանի պետական սահմանը», ինչն էլ պատրվակ է հանդիսացել նրա ձերբակալման համար 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սակայն իրականում այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ավելին, Ադրբեջանը պարտավորվել էր ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի։ Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ազատ մուտքը պաշտպանվել է Միջազգային դատարանի կողմից. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն որոշումներ է կայացրել, որոնցում հստակորեն ճանաչվել է Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը երկու ուղղություններով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես նմանատիպ որոշումներ է կայացրել։ Հետևաբար, ադրբեջանական կողմը որևէ հիմք չուներ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու համար։

«Մենք, ընտանիքի անդամները և տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս դիմել ենք միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների ղեկավարությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին։ Մենք ստացել ենք լայն շրջանակի արձագանքներ, և ընդունվել են բանաձևեր, ինչպիսին է Եվրախորհրդարանի մարտյան բանաձևը։ Սակայն, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով կալանավորել հայ գերիներին։ Միջազգային իրավապաշտպանների բազմաթիվ կոչերն ու պահանջներն՝ այցելել Ադրբեջան և մասնակցել հայտարարված «բաց դատավարությանը», կա՛մ մերժվել են, կա՛մ անտեսվել», – նշել է փաստաբանը։

Անդրադառնալով  իրավապաշտպաններին և գերիների ընտանիքներին հուզող մեկ այլ  հարցի՝ նա ընդգծել է, որ սեպտեմբերի 3-ից, Ադրբեջանի կառավարության խնդրանքով, հայ գերիների հետ կապ ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, դադարեցրել է իր գործունեությունն այդ երկրում:

«Գիտե՞ք, թե սա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ մենք չենք ունենա որևէ հուսալի և հավաստի տեղեկատվություն գերիների իրական վիճակի մասին, որոնք այսօր բախվում են բռնության և խոշտանգումների իրական ռիսկի: Իրազեկելու համար կցանկանայի նշել, որ հայրենիք վերադարձած բոլոր հայ գերիները ենթարկվել են խոշտանգումների: Ռուբեն Վարդանյանը նույնպես ենթարկվել է խոշտանգումների անցյալ տարի իր առաջին հացադուլի ժամանակ, և մենք արդեն կապ ենք հաստատել ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ այս հարցով: Իհարկե, ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև բոլոր հայ բանտարկյալների կալանավորումը, ինչպես նաև այս դատական ֆարսի բեմադրումը հետապնդում է որոշակի քաղաքական նպատակներ: Ռուբեն Վարդանյանի դեպքում չկան որևէ ապացույցներ նրա անձնական ներգրավվածության կամ նրա դեմ առաջադրված 42 մեղադրանքների հետ անմիջական կապի մասին: Ավելին, այդ մեղադրանքները կարող էին առաջադրվել ցանկացած հայի: Հետևե՞լ եք դատական նիստերի լուսաբանմանը: Պետք է հետևեք: Սա պարզապես աբսուրդ է: Հարյուրավոր մարդիկ ցուցմունք են տվել՝ նկարագրելով, թե ինչպես են ստացել վնասվածքներ, պնդելով, որ երբեք չեն տեսել կամ ճանաչել Ռուբեն Վարդանյանին, և նրա «մեղքի» մասին իմացել են միայն ադրբեջանական լրատվամիջոցներից» – նշել է փաստաբանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, ապա Սահակյանն ընդգծել է, որ դրանք կհամարվեին բավարար, եթե բանտարկյալներն արդեն վերադարձած լինեին: «Ավելին՝ մենք մտահոգված ենք, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը որևէ դրույթ չի պարունակում բանտարկյալների վերադարձի վերաբերյալ, և համաձայնագրի այն կետը, որը հրաժարվում է միջազգային պահանջներից, նշանակում է ոչ ավել, ոչ պակաս, քան արդարադատության և բանտարկյալների պաշտպանության մերժում: Այլ կերպ ասած՝ Իլհամ Ալիևի ռեժիմը որևէ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի ունենա նրանց ազատ արձակելու համար: Ակնհայտ է, որ առանց բանտարկյալների ազատ արձակման, հայ հասարակությունը չի կարողանա վստահել և հավատալ այս խաղաղության գործընթացներին։ Հետևաբար, կարևոր է լուծել այս հարցը մինչև այս գործընթացների ավարտը», – շեշտել է կայքի զրուցակիցը։

Ռազմագերիներ