30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոշտ բախում ԱԺ–ում՝ ընդդիմությունը ցանկանում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, իշխանությունը դեմ է

Կոշտ բախում ԱԺ–ում՝ ընդդիմությունը ցանկանում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, իշխանությունը դեմ է

«Հայաստան» խմբակցությունը 1-ին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով:

Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգմանն է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ «Քրեական օրենսգրքի» 136-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը։ Ուստի, նա կոչ է արել դեմ քվեարկել նախագծին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ի պատասխան իշխանական պատգամավորների ձևակերպումների, նշել է, որ գործող իշխանական թիմը վարում է ցեղասպանությունը նսեմացնող քաղաքականություն, և բանը հասել է նրան, որ Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ապրիլի 24-ի վերաբերյալ։

Ալխաս Ղազարյանը պնդել է, որ ՀՀ որևէ քաղաղացի չի հերքել ու չի հերքելու Ցեղասպանության փաստը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիմնավորել է, թե ինչու հենց հիմա են ներկայացրել այս նախագիծն ԱԺ-ում։ Նա նշել է, որ մինչ այժմ դժվար էր պատկերացնել, որ, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովներում Հայոց ցեղասպանությունն այլևս կարող է դեն նետվել օրակարգից։

«Այդ ամենը չէինք կարող պատկերացնել։ Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում, դրա համար փորձում ենք այդ աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար»,- հայտարարել է Մանուկյանը։

Այնուհետև ելույթ են  ունեցել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնք կոշտ ձևակերպումներով քննադատել են ընդդիմադիր խմբակցության նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ ամիսներ շարունակ լսում է իշխանական պատգամավորներին ու այդպես էլ չի հասկանում՝ խնդիրը ո՞րն է։ Նրա խոսքով ՝ իշխանության միակ հիմնավորումն այն է, որ անընդհատ մատնանշվում է, թե արդեն իսկ կա «Քրեական օրենսգրքի» 136-րդ հդվածը, որ քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանությունների մերժման համար։

«Ընդհանրապես հայ մարդն այս նախագծի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Խնդիր կարող է ունենալ միայն այն մարդը կամ ղեկավարը, ում թիմը, օրինակ, երբ Իսրայելի վարչապետն ուղիղ եթերում ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հաջորդ օրն ասում է՝ պետք է հասկանանք, այդ ճանաչումը մեզ համար ի՞նչ խնդիր է լուծում։ Լավ է՝ չենք դատապարտել Նեթանյահուի հայտարարությունը, լավ է՝ դատապարտող խիստ նոտա չեք հղել։ Այ դուք, բնականաբար, այս նախագծի հետ խնդիր կունենաք, ոնց չեք ունենա»,- հայտարարել է Վարդանյանը։

Իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ մանիպուլյացիաների, իրարամերժ հայտարարությունների և գործողությունների հիմքում կանգնած է այսօրվա իշխանությունը։ Նա նշել է, որ գործող իշխանությունը ստեղծել է այնպիսի վիճակ, որը կասկածի տակ է դնում մեր հայրենիքի ներկան ու ապագան։

Օհանյանի խոսքով՝ չնայած իշխանությունը նախագծերը ներկայացնում է վառ ու դրական գույներով, իրականում դրանց քննարկումը կապված է անվտանգության և կանխարգելման հարցերի հետ։ Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն առանձնահատուկ է, քանի որ դրա ընթացքում կատարվել է բոլոր տեսակի հանցագործությունների հաջորդականությունը։

«Այսօր, ձեր իշխանության վտանգի պատճառով, ձեր իշխանության վտանգի տակ կանգնած ապագայից ելնելով ենք ներկայացնում այս նախագիծը, քանի որ իրականում Ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, իսկ այսօր և՛ Թուրքիան, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, դարձել են մեղադրող կողմ»,- նշել է Օհանյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրել է նաև ազգային անվտանգության ռազմավարության 4.25 կետը, ըստ որի՝ Հայաստանը պարտավոր է կանխել Արցախի ժողովրդի բռնագաղթը և քննադատել իշխանության անգործությունն այդ ուղղությամբ։

Ռազմագերիներ