
Վաղարշապատում ընտրական պայքարը մեկնարկում է․ ո՞ր ուժերն են հայտարարել մասնակցության մասին
Վաղարշապատի համայնքապետի ընտրությունը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողով կարող են ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ մինչև ժամը 18:00։
Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, արտախորհրդարանական ուժերն ունեցել են փակ հանդիպում, որի ժամանակ քննարկվել է առաջիկա ընտրությանը հնարավոր մասնակցությունը։ Մասնակցել են «Դեմոկրատական այլընտրանք», «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», «Հաղթանակ» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ունի թեկնածու՝ ի դեմս Արմավիրի նախկին մարզպետ, Վաղարշապատի համայնքապետի այժմյան պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի:
Սեպտեմբերի 11-ին Անդրանիկ Թևանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մասնակցելու են ընտրություններին։
««Մայր Հայաստանն» այն եզակի քաղաքական ուժերից է, որը կարևորում է ու չի անտեսում ՏԻՄ ընտրություներին մասնակցությունը։ «Մայր Հայաստանը» մասնակցելու է սեփական թիմով ու ծրագրով»,- նշել է դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։
Դե իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է ընդունել մասնակցել ընտրություններին, որպես թեկնածու է առաջադրվում Արկադի Փայտյանը: