01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում գերի ընկածների թիվը կարող է 80-ից ավելի լինել․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում գերի ընկածների թիվը կարող է 80-ից ավելի լինել․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանական կողմը հաստատում է 23 հայերի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց որպիսությունը հայտնի է, ԿԽՄԿ-ի հետ նաև տեսակցություններ են եղել, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանում եղել են և հիմա էլ պահվում են բացառապես 23 հայեր. այս մասին գերիների մասին քննարկմանն ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես՝ գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին և այստեղ կա համադրված ապացույց մի կողմից՝ Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից սպանված մարմինն արդեն հայկական կողմի տիրապետության ներքո է։

«Գերիներն ուղղակի բռնի անհետացել են, այսինքն գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված մենք կորցրել ենք տեղեկությունը այս անձանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր անհետացած գերիների հետ կապը, հրաժարվում է տրամադրել տեղեկությունը։ Չկա որևէ անկախ միջազգային կազմակերպությունը, որը որոնողական գործողությունների արդյունքում կարողանար հայտնաբերել փնտրվող բռնի անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը և մեզ տեղեկություն տար նրանց ողջ լինելու վերաբերյալ»,-ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ 80 «բռնի անհետացման ենթարկված անձի» մասին իրավապաշտպանները տեղեկություններ ունեն, սակայն այդ թիվը սպառիչ չէ և իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

«23 գերիների մեջ մենք ունենք Արցախի ղեկավարությանը՝ 8 անձ։ 23-ի մեջ ներառված են 5 գերի, որոնց դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականին։ Ֆիքսենք, որ Ադրբեջանը այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականի զարգացումների հետևանքով գերի ընկած հայերի»,-ասել է Սահակյանը։

Ռազմագերիներ