
Գլխավոր և միակ չափանիշը որևէ պաշտոնի համար ընտրվելիս՝ թե ոնց կհնազանդվես ՆՓ-ի՝ Թրամփի ասած «էն տղայի» պահանջներին, այլապես sms կստանաս․ Արմենուհի Կյուրեղյան
ԱԺ նստաշրջանում այսօր քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ հանձնաժողովի նախագահի ընտրության դեպքում առաջնային չափանիշը ոչ թե մասնագիտական որակներն են, այլ թեկնածուի պատրաստակամությունը` հնազանդորեն իրականացնել կուսակցության և ղեկավարության հրահանգները:
«Գլխավոր և միակ չափանիշը որևէ պաշտոնի համար ընտրվելիս այն է, որ թեկնածուն պատրաստ լինի հլու-հնազանդ կատարել ՆՓ-ի, ինչպես կասեր Թրամփը՝ «էն տղայի» պահանջները։ Ինչքանով ոչ սկզբունքային, ինչքան ջանասիրաբար ու անձնվիրաբար ես լծվում թրքահպատակ քաղաքականության գովերգմանը, այնքան լավ։ Սկզբունքային ես կամ նման քաղաքական ելույթներ չես ունենում, ուրեմն sms կստանաս ու մանդատդ վայր կդնես»,- ասաց նա։
Պատգամավորը քննադատեց ներկայիս կադրային քաղաքականությունը՝ նշելով, որ պաշտոնի նշանակման իրական նպատակն առողջապահության բարելավումը չէ, այլ հիվանդների թվի աճն ու պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը:
Ըստ նրա՝ Հայաստանում այսօր առաջնահերթ պետք է լինի մարդկային կյանքը, քաղաքացիների առողջությունը և ժողովրդավարության սկզբունքների հարգումը, այլ ոչ թե քաղաքական շահերն ու կադրային նվիրվածությունը։