
Փաշինյանի սերն Ալիևի հետ երազ էր. Արթուր Խաչատրյան
Սերն Ալիևի հետ երազ էր․ այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱՄՆ–ում օգոստոսի 8–ին ստորագրված խաղաղության համաձայնագրին։
«Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը մշտապես Հայաստանին պահանջներ է ներկայացնում, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, անընդհատ հայ հասարակությանը վիրավորում, իսկ Հայաստանի տարածքի մի մասն օկուպացված է»,– ասաց նա։
Խաչատրյանը, արձագանքելով ՔՊ-ականների պնդմանը, թե Հայաստանում արդեն մեկ տարի ու ութ ամիս է՝ հրադադար է, ընդգծեց, որ հրետակոծությունները դադարեցին միայն այն ժամանակ, երբ ՀՀ իշխանություններն ընդունեցին, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ադրբեջանական տարբերակը։
«Ամեն ինչ տալիս են դրա համար, դրա համար էլ չեն ռմբակոծում։ Բայց հենց փորձեն որևէ հարցում հակադրվել՝ նորից կշարունակեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգում եվրոպացի քաղաքական գործիչներին ուղղված խոսքին, թե խաղաղությունը կխախտվի, եթե նա սկսի խոսել փախստականների վերադարձի մասին, Խաչատրյանը շեշտեց․ «Փաշինյանը չի որոշում արցախցիների ճակատագիրը։ Եթե նրանք պահանջեն իրենց վերադարձի և գույքի տնօրինման իրավունքը ու դիմեն համապատասխան մարմիններին, ապա կարող են ստանալ ԵՄ-ի համանման որոշում»։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե արցախահայերը պետք է տնավորվեն Հայաստանում, Խաչատրյանը նշեց․ «Փաշինյանը ոչինչ չի անում, որպեսզի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ մեր հայրենակիցները Հայաստանում ապրեն բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով»։