
Մխիթարի հորը դատարանը թույլ է տվել գնալ որդու շիրիմին. այսօր Մխիթարի հիշատակի օրն է
Հինգ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 1-ին, զոհվեց Մխիթար Գալեյանը, ում հայրն այսօր ազատազրկված է խուլիգանության մեղադրանքով։ Խուլիգանություն է համարվել ուրիշի վրա խմելու ջուր լցնելը։
«Հինգ տարի է անցել, բայց երբ մոտենում է հենց այս օրը՝ նորից վերապրում ենք, վերհիշում ենք այն օրերը, ժամերը, որ անցկացրել ենք հինգ տարի առաջ: Իհարկե, այդ օրերը, ժամերն անընդհատ մեր հիշողության մեջ են, բայց հիշատակի օրերն ավելի ծանր են անցնում։ Իհարկե, կորցրի Մխիթարին, բայց մեր հայրենիքը կորցնելու օրն ինձ թվում էր, թե ես երկրորդ անգամ կորցրի Մխիթարին, որովհետև Արցախ և Մխիթար, Մխիթար և Արցախ, դրանք ինձ համար ասոցացվում են նույն իմաստով»,-ABC media-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Մարդկային կյանքը թանկ է, ասում է Գալեյանը, բայց հայրենիքի գոյությունն ավելի թանկ է։
«Հայերիս համար հայրենիքը թանկ է, որովհետև անհայրենիք մարդը երբևիցե տեղ չունի երկրագնդի վրա, ամեն մարդ պետք է ունենա իր հայրենիքը, այն հայրենիքը, որը գծվել է մեր տղաների արյան գնով»,-ասաց նա։
Ազատազրկված Գարիկ Գալեյանին՝ Մխիթարի հորը, դատարանը թույլ է տվել այսօր այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին։ 9 ամիս է, ինչ հայրը չէր այցելել որդուն։
«Ինը ամիս կալանավորված մարդու համար, ով ամեն օր այցելում էր Եռաբլուր, անգամ՝ օրը երկու անգամ, այս թույլտվությունն օդ ու ջուր է։ Գուցե որոշ ժամանակ հանգստություն իրեն պարգևի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»,-ասաց Աստղ Գալեյանը։
Կրտսեր Մխիթարն էլ էր այսօր եղբոր շիրիմին։ Արդեն մայրիկին օգնում է՝ մաքրում է եղբոր շիրիմն ու համբուրում։
«Ինչ տեսնում է՝ սովորում է, սա է մեր առօրյան։ Շատ ցավալի է, որ երեք տարեկան երեխան ծնողների հետ միասին տեսնում է սա, տանջվում է, բայց ինքը ստանալու է այն դաստիարակությունը, որը ստացել է մեծ Մխիթարը, ինքն այլ կերպ չի կարող, հնարավոր չի մեր ընտանիքում»,-նշեց նա։
Մխիթարի կորստից հետո փորձել է Արցախում սփոփվել, բայց որդեկորույս մորից խլել են ոչ միայն որդուն, այլ նաև հայրենիքը, և նրանք հիմա անմխիթար են՝ բառի բոլոր իմաստներով։