01 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի արդյունքները և հրամայել է Փաշինյանին հետաձգել գործընթացը․ ադրբեջանցի դիվանագետ  

Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի արդյունքները և հրամայել է Փաշինյանին հետաձգել գործընթացը․ ադրբեջանցի դիվանագետ  

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ» իր հռետորաբանությունը և այժմ փորձում է մեղադրել Ադրբեջանին։

Զուլֆուգարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։

Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ Հայաստանի ԵՄ անդամակցության և Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ «Փաշինյանն իր հռետորաբանության փոփոխությունը կբացատրի ամերիկյան կողմին՝ ասելով, որ պատրաստվում է ընտրությունների և պետք է կոշտացնի իր դիրքորոշումը», – կարծում է նախկին նախարարը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հանդիպման իրական արդյունքն այն է, որ Հայաստանը երկկողմ փաստաթղթեր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ և պարտավորվել է բանակցություններ սկսել «Զանգեզուրի միջանցքի» օգտագործման ձևաչափի վերաբերյալ։

«Հայաստանը բանակցություններ է վարում միայն ամերիկյան կողմի հետ։ Սակայն Ադրբեջանը, չնայած անմիջականորեն չմասնակցելուն, ունի վետոյի իրավունք։ Եթե Նախիջևանի հետ անվտանգ և անարգել հաղորդակցության պայմաններ ապահովվեն, Բաքուն չի խոչընդոտի դրանց։ Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը չի մասնակցի նախագծին», – ընդգծել է Զուլֆուգարովը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշումը կոշտացել է Մոսկվայի ճնշման պատճառով։ Ռուսաստանն ու Իրանն ամենաշատը դժգոհ են ստեղծված իրավիճակից, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ նոր բանակցային ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում։

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի այնպիսի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար։ Այս ամենն, անկասկած, Մոսկվայի ճնշման արդյունք է։ Նա միշտ եղել է Ռուսաստանի կամքի կատարողը և դա ցույց է տվել մեկից ավելի անգամ, նույնիսկ Հայաստանում», – նշել է Զուլֆուգարովը։

Նա նաև հիշեցրել է, որ «ռուս սահմանապահները Զանգեզուրի միջանցքում տեղակայված են 1992 թվականից, և ապագայում նրանց ներկայությունը կարող է համընկնել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ»։

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես է այս ամենը զարգանալու գործնականում, բայց մեկ բան հստակ է. Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի արդյունքները և հրամայել է Փաշինյանին հետաձգել գործընթացը», – հավելել է նախկին նախարարը։

Ռազմագերիներ