02 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու հիմքում պետք է դրվեն տուժածների իրավունքները․ ICTJ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու հիմքում պետք է դրվեն տուժածների իրավունքները․ ICTJ

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիրը՝ խոստանալով «գծել պայծառ ապագա, որը կապված չէ անցյալի հակամարտություններով՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրությանը»։ Թրամփի վարչակազմը և որոշ լրատվամիջոցներ հռչակագիրը որակել են որպես «պատմական խաղաղության համաձայնագիր»։ Իրականում այն ոչ պայմանագիր է, ոչ էլ ավարտում է 37-ամյա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ավելի շուտ դա քաղաքական շրջանակ է, որը պահանջում է միջազգային աջակցություն և ուշադրություն։Այս մասին գրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի Հայաստանի աշխատանքային խմբի հիմնադիր անդամ Մարիա Աբրահամյանը «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» (International Center for Transitional Justice, ICTJ) համր իր հոդվածում։

Ինչպես նշել է հեղինակը, տարածաշրջանի փորձագետները քննադատել են համաձայնագիրն՝ այն անվանելով «փոխադարձ վախերի և անվստահության հուշարձան»։ Անկասկած, դրա փխրունությունը ակնհայտ է։ Շրջանակը հիմնված է ներդրումների, տարանցիկ երթուղու անվտանգության և նոր մաքսային կանոնակարգերի խոստումների վրա՝ առանց որևէ ազգային կամ բազմակողմ ինստիտուցիոնալ երաշխիքի՝ առաջնորդների խոսքերից դուրս։

Ավելին՝ Ռուսաստանը կամ Իրանը, որոնք երկուսն էլ շահեր ունեն տարածաշրջանում, կարող են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընդունված հայտարարությունը մեկնաբանել որպես սպառնալիք և փորձել հակազդել դրան կամ միջամտել խաղաղության գործընթացին։

Միևնույն ժամանակ՝ երկրների համապատասխան ներքին քաղաքականությունը միայն խորացնում է համաձայնագրի փխրունությունը։ Ադրբեջանը ճնշում է այլախոհությունը և զսպում քաղաքացիական հասարակությունը։ Այն բեմադրում է հայ կալանավորների կեղծ դատավարություններ և պահանջում է սահմանադրական փոփոխություններ Հայաստանում՝ որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման։ Այն անտեսում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանությունը և իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունները։

Ինչպես նշվել է հոդվածում, ՀՀ-ում այժմ պետական ինստիտուտները թույլ են, իսկ հասարակությունը՝ անորոշության մեջ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ամենակարևորը, համաձայնագրերի փաթեթը մեծապես բացառում է տուժածների իրավունքներին և կարիքներին ուղղված միջոցառումներն՝ ազդարարելով այլ ավտորիտար առաջնորդներին, որ պատերազմները իսկապես կարող են լուծել վեճերը, և տնտեսական խթանները կարող են օգտագործվել օրենքը, հաշվետվողականությունը և արդարադատությունը մի կողմ դնելու համար:

Հեղինակի խոսքվ՝ երկարատև խաղաղությունը պահանջում է, որպեսզի տուժածների իրավունքները դրվեն կենտրոնում։

Ռազմագերիներ