
Կոռուպցիա, անպատժելիություն, խոհանոցում վազվզող առնետներ, բուժօգնության բացակայություն․ ադրբեջանական բանտերի իրական պատկերը
2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է մոտ երեսուն լրագրող։ Այս լրագրողները բանտարկությունից հետո բացահայտել են բանտային համակարգի սարսափելի պայմանները, ինչը նախկինում անհնար էր անել տեղեկատվության սահմանափակ հասանելիության պատճառով․ գրել է Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն։
Ադրբեջանի բանտերում կոռուպցիան և կաշառակերությունը լրագրողների համար մի ժամանակ գրեթե անհնար էր բացահայտել, քանի որ տեղեկատվության հասանելիությունը խիստ սահմանափակված էր։ Դա փոխվեց, երբ իշխանությունները 2023 թվականի նոյեմբերից սկսած բանտարկեցին մոտ 30 անկախ լրագրողների, ովքեր բացահայտել են բանտային համակարգի իրական պատկերը։ Իր կերպարով այդքան մտահոգված կառավարության համար այս պատկերն ամենևին էլ գովեստի արժանի չէ։
Բազմաթիվ փորձերից հետո աշխատանքային իրավունքների պաշտպան Աֆիադդին Մամեդովին հաջողվել է իր ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել․ «Խոհանոցում, որտեղ պահվում է սնունդը, մկներ կան, և նրանք ուտում են այդ սնունդը: Ոչ հիգիենիկ վիճակ է: Քնելու տարածքում նույնպես մեծ առնետներ կան: Խցերում շատ մարդիկ կան, և զուգարանի մոտ ժամերով հերթեր են»: Ակտիվիստը 2025 թվականի հունվարին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
Լրագրող Ալի Զեյնալը ներկայացրել է Քննչական կալանավայրի բժշկական հաստատության ներքին խարդախության համակարգը, որտեղ դեղորայքի հասանելիությունը դարձել է շորթման մեկ այլ աղբյուր: Բանտարկյալները ստիպված են վճարել շուկայական գնից մի քանի անգամ ավելի թանկ՝ դեղատոմսերը ստանալու համար:
Դեղամիջոցները, որոնք դրսում սովորաբար արժեն 25 մանաթ (մոտավորապես 12.5 եվրո), ներսում կարող են արժենալ մինչև 70 մանաթ (մոտավորապես 35 եվրո):
Որոշ դեպքերում բժիշկները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները մինչև կալանավորի առողջությունը կրիտիկականի է հասնում։ Զեյնալը ձերբակալվել է 2024 թվականի մարտին՝ «Toplum TV» լրատվամիջոցի դեմ սկսված ավելի լայն հետաքննության շրջանակներում՝ արժույթի մաքսանենգության մեղադրանքով։
Մեկ այլ լրագրող՝ Փոլադ Ասլանովը, հայտնել է, թե ինչպես է բանտի բժիշկը, ենթադրաբար, ներգրավված եղել բանտային բաժանմունքում 200 մանաթով (մոտավորապես 100 եվրո) մահճակալներ վաճառելու սխեմայում։ Պետության կողմից տրամադրվող այնպիսի իրեր, ինչպիսիք են ատամի մածուկը, ատամի խոզանակները, հագուստը, հիգիենայի պարագաները և մարզվելու համար նախատեսված կոշիկները, վաճառվում են փողով։ Ասլանովը 2020 թվականին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Կալանավորներին չի տրվում նաև նախարարների կաբինետի կողմից սահմանված ուտելիքի չափաբաժինը։ Հաճախ այն չափաբաժինը, որը նախատեսված է մեկ օրվա համար տրվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Բանտարկյալներին սնունդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովում են ընտանիքի անդամները:
Կանանց գաղութներում տաք ջուրը հասանելի է շաբաթական ընդամենը հինգ ժամ, ինչը կանանց ստիպում է զույգերով լոգանք ընդունել: Որոշ խցերում, որոնք զուրկ են լոգարանի հիմնական ենթակառուցվածքներից, ընդհանրապես ցնցուղներ չկան. կանայք պետք է կամ ծնկի իջնեն ծորակի տակ, կամ դույլով լողանան։
Այս վկայությունները բացահայտում են բանտային համակարգ, որտեղ շորթումը, անփութությունը և անպատժելիությունը նորմա են, այլ ոչ թե բացառություն։
Արտերկրում իր հեղինակությունը փայլեցնել ցանկացող կառավարության համար բանտի պատերի հետևում իրականությունը պատմում է մեկ այլ պատմություն՝ համակարգային բռնության, լռության և խոսել համարձակվողների համար պատժի պատմություն։