02 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նրանք երկիրը գլորում են անդունդը»․ Ի՞նչ է Փաշինյանը պատրաստ անել Թուրքիայի հետ բարեկամության համար․ Лента.ru

«Նրանք երկիրը գլորում են անդունդը»․ Ի՞նչ է Փաշինյանը պատրաստ անել Թուրքիայի հետ բարեկամության համար․ Лента.ru

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը հետապնդում է ազգային ինքնության հիմնական տարրերի՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ), Արարատ լեռան խորհրդանիշի և Լեռնային Ղարաբաղի պատմական հիշողության վերանայման ուղի։ Ամենալարված բախումը տեղի է ունեցել հոգևորականության հետ. հոգևորականները բացահայտորեն օրհնում են կառավարության դեմ բողոքի ցույցերը, և նրանց դեմ ավելի ու ավելի հաճախ են հարուցվում քրեական գործեր։ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն այս ուղին անվանում են Թուրքիայի հետ խաղաղության և երկրի «եվրոպականացման» պրագմատիկ գին։ Սակայն ընդդիմությունն այն համարում է բռնաճնշող, պարտվողական և հակազգային․ գրում է Лента.ru-ն։

Կովկասի և տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Նիկոլայ Սիլաևի խոսքով ՝ Ադրբեջանը կոչ է անում «մաքրել» Ղարաբաղի մասին հղումներն ամենուրեք, այդ թվում՝ ՀՀ Անկախության հռչակագրից։ «Սա չափազանցված պահանջ է», – պնդում է փորձագետը։

«Բայց զարմանալին այն է, որ նույնիսկ այստեղ Հայաստանի իշխանությունները շտապում են։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի վախեցած են 2020 թվականի, ապա նաև 2023 թվականի դեպքերից։ Հիմա նրանք անում են ամեն ինչ, որպեսզի չգրգռեն Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ նրանք պատրաստ են պայքարել «ազգայնականության» դեմ նույնիսկ հիշողության քաղաքականության ոլորտում», – նշել է Սիլաևը։

Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում Ղարաբաղն իր սրբազան նշանակությամբ հայերի համար համեմատելի էր իսրայելցիների համար Երուսաղեմի հետ։ Սակայն, չնայած տարածքը կորցնելու համընդհանուր ցավին, վարչապետի կուսակցությունը հեշտությամբ հաղթեց վերջին խորհրդարանական ընտրություններում։

Այժմ եվրաինտեգրման հեռանկարի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար իշխանությունները պատրաստ են կառուցել նոր ինքնության պատմություն։

Կառավարության առաջարկած ուղեգիծը պահանջում է հրաժարվել հին պատմական առասպելներից և խորհրդանիշերից, որոնք հետխորհրդային տարիներին ծառայել են որպես ազգային ինքնության հիմք։ Փոխարենը՝ իշխանություններն առաջարկում են ստեղծել «Չորրորդ Հանրապետություն» և արժեքների նոր համակարգ, որը կողմնորոշված է Հայաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին, արդիականացմանը և պատմական հիշողության «ռացիոնալացմանը»։

Սակայն քննադատները տեղի ունեցողն անվանում են ոչ թե բարեփոխում, այլ՝ պատմության վերաշարադրում: Նրանց համար Արարատի մերժումը, Եկեղեցու նսեմացումը և Ղարաբաղի՝ քաղաքական ու մշակութային գիտակցությունից ջնջումը խաղաղության ուղի չեն, այլ՝ քայլ դեպի ազգային միջուկի կորուստ:

Այսպիսով՝ Հայաստանի խորհրդանշական քաղաքականությունը դարձել է իշխանության համար պայքարի գլխավոր ճակատը, որտեղ խաղադրույքները շատ ավելի հեռու են գնում, քան զինանշանների և դասագրքերի շուրջ վեճերը։

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոյի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի և Եկեղեցու շուրջ բողոքի շարժումը քիչ հնարավորություններ ունի։

Քաղաքագետի խոսքով՝ շատ հայեր վրդովված են Լեռնային Ղարաբաղի ճակատագրից և չեն աջակցում Հայոց ցեղասպանության ժխտման հռետորաբանությանը:  Բեզպալկոյի  կարծիքով՝ ազգային ինքնության վերաիմաստավորումն անմիջականորեն ազդում է ապագա սերունդների վրա։

Նիկոլայ Սիլաևը լրատվամիջոցի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության օրը քաղաքացիներին ուղղված ելույթին։

Այնտեղ քաղաքական գործիչը բացահայտ քննադատում էր հայկական ազգայնականությունը և առաջարկում քաղաքացիներին ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», այսինքն՝ ընդունել նոր Սահմանադրություն։

Փորձագետը նշել է, որ, Փաշինյանի կարծիքով,  կորցրած տարածքների մասին երազանքները գոյաբանական սպառնալիք են ներկայացնում հայկական պետականության համար։ «Սա, իհարկե, ազդարարում է խորհրդանշական հիշողության քաղաքականության վերանայման մասին», – նշել է Սիլաևը։

 

Ռազմագերիներ