02 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ն ընդունեց «խաղաղության հաստատման» մասին հայտարարությունը․ ի՞նչ է այն և ինչո՞ւ ընդդիմությունը բոյկոտեց նիստը

ԱԺ-ն ընդունեց «խաղաղության հաստատման» մասին հայտարարությունը․ ի՞նչ է այն և ինչո՞ւ ընդդիմությունը բոյկոտեց նիստը

Քիչ առաջ 64 կողմ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի քննարկմանը, սակայն, մասնակցում էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտել են նիստը՝ փաստաթուղթը որակելով որպես վտանգավոր և նվաստացուցիչ:

Նախագիծը խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայտարարության տեքստում նշվում է, որ ԱԺ-ն աջակցում է 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրին:

«Ազգային ժողովը կարևորում է ձեռք բերված համաձայնությունը , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- ասված է տեքստում:

Նշվում է նաև, որ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով:

ԱԺ-ն վերահաստատել է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հնարավորություններ են բացվել տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից և, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ: 

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին:

 Ըստ խմբակցության՝ այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին:

 «Սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար»»,- նշված է հայտարարության մեջ:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ դրա նախաձեռնությունը բավական տարօրինակ է։ Նրանք ընդգծում են, որ այս փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից՝ Հայաստանին ագրեսորի ու ռազմական հանցագործի պիտակ տալով, նման հայտարարությունը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլև Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին։

Միաժամանակ, խմբակցությունը ուշադրություն է դարձնում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակված տեքստերի և իրական քաղաքական գործընթացների միջև առկա խզմանը։ Նրանք նշում են, որ դրա ամենահայտնի դրսևորումը իշխանության ղեկավարի և ԱՄՆ նախագահի հայտարարությունների հակասությունն է։

Ռազմագերիներ