02 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրապես չսկսված ժողովրդավարության ավարտը․ Փաշինյանը սարսափում է 2026թ-ի ընտրություններում պարտության հեռանկարից․ EADaily

Իրապես չսկսված ժողովրդավարության ավարտը․ Փաշինյանը սարսափում է 2026թ-ի ընտրություններում պարտության հեռանկարից․ EADaily

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետի ելույթը կարդալուց հետո անհնար է չնշել, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է նոր միջազգային կոնսենսուսի՝ վարչապետի պաշտոնում իր ժամկետը երկարաձգելու համար: Նրա թեկնածության օգտին հիմնական փաստարկը նրա հավատարմությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին․ գրում է EADailyն։

Նշվում է, որ Փաշինյանի ելույթը լայնորեն մեկնաբանվել է հայկական մամուլում և սոցիալական ցանցերում։ Մասնագետներն ու քաղաքական գործիչները տարբեր կարծիքներ են հայտնել, իսկ վարչապետին մեղադրել են «երկարատև հակամարտության հետևանքով ազատազրկված անձանց մասին» խոսելիս «գերիներ» բառը չհիշատակելու համար։ Սոցցանցերի օգտատերերը շփոթված էին, թե ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ համարձակվեց ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել Ալիևին։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետի ելույթը պետք է դիտարկել մի փոքր այլ համատեքստում: Ըստ հոդվածի՝ Փաշինյանի ելույթը մի տեսակ ինքնաներկայացում է, որտեղ նա ներկայանում է որպես ՀՀ վարչապետի ամենահարմար և նույնիսկ առավել ձեռնտու թեկնածու՝ ազդեցիկ միջազգային խաղացողների տեսանկյունից, և ներկայացնում է իր աշխատանքի և ապագա ծրագրերի մասին հաշվետվություն: Փաշինյանի ուղերձներն ուղղված էին ինչպես աշխարհաքաղաքական կենտրոններին, այնպես էլ՝ ՀՀ ներքին լսարանին: ՀՀ վարչապետի ուղերձի արտաքին լսարանը ներառում է այն միջազգային խաղացողներին, որոնք ցանկանում են բացել տարածաշրջանային ճանապարհները, որոնց հիմնական խոչընդոտն Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմաններն են՝ հայ-ադրբեջանական չլուծված հակամարտության պատճառով:

EADaily-ն նշում է, որ «Խաղաղության խաչմերուկը» Փաշինյանի հիմնական ապրանքանիշն է՝ թե՛ միջազգային ասպարեզում իր դիրքորոշման, թե՛ իր հայ ընտրազանգվածի համար։ Արտաքին ուժերին տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ՝ միջազգային բեռնափոխադրումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար, մինչդեռ հայ հասարակությունը 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո վախենում է նոր պատերազմից։

2025 թվականի օգոստոսին Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ստացավ ԱՄՆ հովանավորությունը․ «ՀՀ-ն կհամագործակցի Միացյալ Նահանգների և այլ համաձայնեցված գործընկերների հետ՝ Հայաստանում «Թրամփի երթուղի՝ խաղաղության և բարգավաճման համար» նախագծի (TRIPP) ստեղծման համար» :

«Թրամփի երթուղին» նախատեսված է Ադրբեջանի մայրցամաքային մասը նրա էքսկլավի՝ Նախիջևանի ինքնավար մարզի հետ կապելու համար՝ Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով։

«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը հովանավորներ է փնտրում Արևմուտքում՝ իր իշխանությունը վերականգնելու համար, քանի որ, ըստ երևույթին, չի կարողացել աջակցություն գտնել Մոսկվայում: Դրա մասին են վկայում Դոնալդ Թրամփին ուղղված նրա գովասանքները, այդ թվում՝ նրա առաջադրումը Խաղաղության նոբելյան մրցանակի, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ցանկության մասին հիշատակումը՝ չնայած նման հեռանկարի կասկածելի իրագործելիությանը», – նշվում է հոդվածում:

Ինչպես նկատում է կայքը, Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո պետական քարոզչությունը սկսել է լայնորեն գովազդել ձեռք բերված համաձայնությունները որպես հայկական դիվանագիտության հաջողություն՝ հստակ ցույց տալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման նշանները։ Փաշինյանի քարոզչությունն ընդդիմադիր ուժերին ներկայացնում է որպես ռևանշիստներ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հակառակորդներ։

Ըստ հոդվածի՝ Փաշինյանի իշխանության յոթ տարիների ընթացքում ձախողումներ են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում, ինչն էլ, իր հերթին, նպաստել է 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» գլխավոր հերոսի վարկանիշի ռեկորդային անկմանը: Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և անվերջ պահանջները, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային լինելու վերաբերյալ, կասկածներ են սերմանում հայ հասարակության մեջ խաղաղության համաձայնագրի իրականության և հնարավորության վերաբերյալ:

«Ի դեպ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շտապել է օգնության հասնել Փաշինյանին՝ առաջարկելով, որ Սյունիքի մարզով անցնող երթուղին անվանվի «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց», այլ ոչ թե՝ «Զանգեզուրի միջանցք», որպեսզի չվախեցնի հայ քաղաքացիներին», – նշվում է հոդվածում:

Վերադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթին՝ EADaily-ն գրում է, որ Հայաստանի վարչապետի ելույթում նկատելի են մտահոգություններ, որ կառավարության կողմից խթանվող «Խաղաղության խաչմերուկը» կորցնում է իր ազդեցությունը հայ հասարակության շրջանում։

Իր վարկանիշի բոլոր ժամանակների ամենացածր մակարդակով Նիկոլ Փաշինյանը սարսափում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտության հեռանկարից։ Նա լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման, 2020 թվականի պատերազմի և դրա պարտության, տարածքային զիջումների, այդ թվում՝ միջպետական մայրուղու Գորիս-Կապան հատվածի և Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի, հայոց պատմությունը վերաշարադրելու և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի և, վերջապես, Ղարաբաղից հայերի արտագաղթի համար։ Նրա համար իշխանությունը կորցնելը նշանակում է կա՛մ երկրից փախչել, կա՛մ քրեական հետապնդման ենթարկվել, այդ թվում՝ դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու համար։ Այս ամենը ստիպում է Փաշինյանին օգտվել իշխանությունը պահպանելու ցանկացած հնարավորությունից։

«Այսպիսով՝ ժամանակը Նիկոլ Փաշինյանի դեմ է աշխատում, ինչը կարող է նրան ստիպել շտապեցնել առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, եթե նա ստանա աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հավանությունը: Փաշինյանն այժմ շատ ավելի հարմարավետ կզգա իրեն՝ ապահովելով Հայաստանի վերադարձը նախագահական կառավարման ձևին և դառնալով նախագահ՝ հավասարը Ալիևին և Թրամփին: Սա է այն, ինչի մասին գաղտնի երազում է Հայաստանի վարչապետը: Նա ինքն էլ լսել է Թրամփի ասածն Իլհամ Ալիևի հիանալի ղեկավարության մասին, որը քառորդ դար ղեկավարել է Ադրբեջանը: Հայաստանի Սահմանադրության անհապաղ վերաշարադրումը, որը 2015 թվականին «հարմարեցվել» է Սերժ Սարգսյանին, դառնում է անհետաձգելի և հրատապ անհրաժեշտություն Փաշինյանի համար: Հայաստանում ժողովրդավարության դարաշրջանն ավարտվում է նախքան իրապես սկսվելը», – եզրափակում է լրատվամիջոցը:

Ռազմագերիներ