
Սկսել ենք քննարկումները՝ «Թրամփի ուղին» հնարավորինս արագ կառուցելու համար. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ կետերով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ Հարցազրույցից առանցքային մտքեր ներկայացնում ենք ստորև․
- Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։
- Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
- Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։
- Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու։
- Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։
- Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է։
- Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք:
- Գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։