06 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի խաղաղության երթուղին անցնում է իրականության ստուգատեսը․ Newsweek

Թրամփի խաղաղության երթուղին անցնում է իրականության ստուգատեսը․ Newsweek

Հայաստանի հարավային Սյունիքի մարզում օրերի մեծ մասը հանգիստ է անցնում։ Սակայն դարեր շարունակ լինելով թուրքերի, ռուսների, պարսիկների, մոնղոլների և ադրբեջանցիների մասնակցությամբ մարտերի կենտրոնում՝ այն գտնվում է Կովկասի աշխարհաքաղաքական բեկվածքի ամենավիճելի հատվածներից մեկում։ Ոմանց համար սա նշանավորում է, թե որտեղ է ավարտվում Եվրոպան և սկսվում Արևելքը։ Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդած նոր համաձայնագիրը կարող է երկարատև խաղաղություն բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին տասնամյակների պատերազմից հետո․ գրում է Newsweek-ը։

Կայքի հետ զրուցած տեղի բնակիչները մտահոգություն են հայտնել, որ պատմությունը կրկնվում է։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը նրանցից է, որը Թրամփը բարձր է գնահատում։ ԱՄՆ ղեկավարը փորձում է դրանով ցույց տալ իր գործարք կնքելու հմտությունները և ապահովել իր հնարավոր տեղը որպես Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ, նույնիսկ այն դեպքում, երբ բախվում է շատ ավելի մեծ մարտահրավերների Մերձավոր Արևելքում և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման հարցում։

Պետդեպարտամենտի խոսնակը Newsweek-ին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է․ «Նախագահը կրկին ցույց տվեց, որ մենք կարող ենք անցնել անցյալի երկարատև հակամարտություններից և շարժվել դեպի խաղաղ և բարգավաճ ապագա։ Խաղաղությունը փրկում է կյանքեր և բացում բարգավաճման ուղին՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում։ Այս խաղաղության համաձայնագիրը մեզ բոլորիս օգուտ է բերում, և յուրաքանչյուր երկիր կարող է աջակցել դրան»։

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Այս ամռանը հրապարակված վաշինգտոնյան համաձայնագրերի հիմքում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին» (TRIPP) է։ TRIPP-ն ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ նախագիծ է՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ըստ հոդվածի՝ համաձայնագրի կնքումը կանխել է ադրբեջանական հնարավոր ներխուժումը ՀՀ։ Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանի ուժերը 2020 և 2023 թվականներին ծանր պարտության մատնեցին Հայաստանի բանակին, և 120,000 հայ ստիպված եղավ լքել Լեռնային Ղարաբաղը։

«Այնուամենայնիվ, կենտրոնական լարվածությունն անհերքելի է. կարո՞ղ է անձնական դիվանագիտության և տնտեսական խթանների վրա կառուցված շրջանակը դիմակայել դրան»,- հարցադրում է անում կայքը։

Բանակցություններում Ադրբեջանն ի սկզբանե պահանջել է անարգել մուտք դեպի Նախիջևան «Զանգեզուրի միջանցքով», այդ թվում՝ ռազմական բեռների համար։ Միացյալ Նահանգները մերժել է դա։ Փոխզիջումը ենթադրում է երրորդ կողմի կապալառուի կողմից ստուգումներ, միայն առևտրային մուտք։

«Ադրբեջանի տեսանկյունից՝ նրա պահանջները բավարարված են»,- նշել է Բաքվի Կովկասի քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն Ահմադ Ալիլին։

Հարավային Կովկասը գուցե աշխարհի ամենահայտնի տարածաշրջաններից մեկը չէ, բայց այն խիստ ռազմավարական նշանակություն ունի։ Այն դարձել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային և ենթակառուցվածքային նախաձեռնության օղակ։

ԱՄՆ-ի կողմից հովանավորվող միջանցքը կարող է խաթարել Չինաստանի ծրագրերը, բացառել Ռուսաստանին և անտեսել Իրանին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի՝ ավելի ու ավելի վճռական անդամ Թուրքիային։ Նևադայի համալսարանի քաղաքագիտության դոցենտ Ներսես Կոպալյանի խոսքով՝ TRIPP-ը թույլ է տվել ԱՄՆ-ին «մեկ կրակոցով 10 նապաստակ խփել»։

Ինչպես նշվում է, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների թեման պահպանվում է։ Միջանցքի շուրջ հռետորաբանությունը ևս չի մարել։ Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ չնայած Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագրին, որտեղ այն երբեք չի հիշատակվում։

Տարածաշրջանում կան նաև այնպիսիք, ովքեր կարող են շահագրգռված լինել գործարքի ձախողմամբ։

Իրանի արձագանքը նույնպես բարդ է: Իսլամական Հանրապետությունը, որը հարավում հարևան է Հայաստանին, կարող է TRIPP-ն ընկալել որպես սպառնալիք իր «Հյուսիս-Հարավ» միջանցքի հավակնություններին և որպես ԱՄՆ հետախուզական գործունեության հնարավոր քողարկում։

«Իրանում հետաքրքիր դինամիկա կա կոշտ գծի կողմնակիցների և ավելի պրագմատիկ, մեղմ գծի կողմնակիցների միջև, որոնք հակված են հարևան պետությունների հետ տնտեսական համագործակցության»,- նշել է Ալիլին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան դիտվում է որպես խաղի կանոնները փոխող իրադարձություն։

Կոպալյանի կարծիքով՝  «նույնիսկ եթե հինգ կամ տասը տարի անց Ռուսաստանը ցանկանա վերադառնալ Հարավային Կովկաս, դա լինելու է բոլորովին այլ միջավայր, քան անցյալում էր»։

Միևնույն ժամանակ՝ Սյունիքում կասկածներ կան, որ ադրբեջանական ուժերը կարող են օգտագործել այս համաձայնագիրը որպես իրենց համար վերահսկողություն ապահովելու միջոց։ «Առևտրի քողի տակ նրանք կարող են ռազմական ուժեր մտցնել Հայաստան, ապա ինչ-որ բան սկսել ներսից»,- նշել են տեղի բնակիչները։

Ռազմագերիներ