
Ռուս սահմանապահներ, իրանական բեռնատարներ և ժանգոտած երկաթուղի․ BBC-ի անդրադարձը Սյունիքից «Թրամփի երթուղուն»
Լքված կայարան, մի քանի ժանգոտած վագոններ և տասնյակ մետր երկաթուղի. սա է այն ամենը, ինչ Հայաստանի հարավում մնացել է խորհրդային երկաթուղուց։ Կարող է անհավանական թվալ, բայց Հարավային Կովկասի այս լքված երկաթուղու հատվածը դարձել է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ խաղաղության խորհրդանիշ՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարեկեցության համար» անունով․ գրել է BBC-ին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն այն վերջիններից մեկն է, որը, Թրամփի պնդմամբ, ինքն է ավարտել։ Ծրագիրը նախատեսում է ամերիկյան ընկերությունների մուտքը տարածաշրջան 99 տարվա պայմանագրի շրջանակներում՝ մշակելու 43 կմ երկարությամբ երթուղին Հայաստանի տարածքով՝ Իրանի հետ ամբողջ սահմանի երկայնքով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Ինչպես ընդգծել է գործակալությունը, գործնականում մարտահրավերի մասշտաբները հստակ են։ Այս տրանսպորտային կապը պետք է կառուցվի զրոյից, բայց քաղաքական խոչընդոտները շատ ավելի մեծ են, քան տնտեսական խնդիրները։ Թրամփի միջամտությունը կարող է վերաձևավորել այն տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության ոլորտը։ Թեհրանում կոշտ գծի կողմնակիցները նույնպես մտահոգված են և սպառնում են խոչընդոտել նախագծի իրականացմանը։
Թրամփի ապագա երթուղին խոստանում է ինչպես «անխոչընդոտ կապ» Ադրբեջանի համար, այնպես էլ «լիակատար հարգանք» Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ Երթուղին կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։ Երկու երկրների առաջնորդների պնդմամբ՝ Վաշինգտոնի հանդիպումը վերականգնել է խաղաղությունն իրենց տարածաշրջանում։ Նրանց խոսքով՝ Թրամփի միջամտությունը խաղի կանոնները փոխող քայլ էր։ Սակայն նրանց ստորագրած փաստաթուղթը մանրամասնորեն չի նկարագրում և չի առաջարկում TRIPP-ի կառուցման ժամանակացույց։ ԱՄՆ միջնորդությունը հնարավոր դարձավ Հարավային Կովկասում Ռուսաստանի թուլացած դիրքի շնորհիվ։ Տարիներ շարունակ Կրեմլն աշխատել է այն երթուղու վերաբացման ուղղությամբ, որն այժմ կրում է Ամերիկայի նախագահի անունը։ Եվ չնայած Ռուսաստանի առաջարկն այն մասին, որ իր սահմանապահ զորքերը պաշտպանեն ապագա ճանապարհը, մերժվել է, նրանք դեռևս պարեկում են հայ-իրանական սահմանի այն հատվածը, որն ընտրվել է Թրամփի երթուղու համար։ «Երբ BBC-ն նկարահանում էր տեղում, մեր առջև կանգնեց ռուսական սահմանապահ պարեկային մեքենա։ Համազգեստով մի երիտասարդ հարցրեց մեզ սահմանը վերևից նկարահանող անօդաչու թռչող սարքի մասին։ Մենք ասացինք, որ այն մերը չէ, և ռուսական պարեկային խումբը շարունակեց իր ճանապարհը»,- գրել է գործակալությունը։
Հայաստանի Սյունիքի մարզը նաև արտահանման հիմնական հանգույց է, և Իրանից եկող գործարարներն ու բեռնատարները ծանոթ երևույթ են։ Իրանական շինարարական ընկերությունները կառուցում են նոր կամուրջ, որը կհատի ապագա TRIPP-ը։ Հստակ չէ, թե ինչպես են ԱՄՆ-ի և իրանական ընկերությունները համակեցության մեջ լինելու Հայաստանում՝ հաշվի առնելով վերջերս Իսրայել-Իրան պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությունը։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը սպառնացել է TRIPP-ը վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանի», սակայն Իրանի կառավարությունն ավելի զգույշ է եղել։ Իրանը երկու կովկասյան երկրների բարեկամն ու հարևանն է, և Հայաստանը Թեհրանին վստահեցրել է, որ նախագիծը սպառնալիք չէ իր շահերի համար։ Հարավային Հայաստանում նաև ավելացել է եվրոպական ներկայությունը։ Ֆրանսիան վերջերս սկսել է զենք վաճառել Երևանին և հյուպատոսություն է բացել Սյունիքում։ Տարածաշրջանում տեղակայվել է ԵՄ մոնիթորինգային առաքելություն, և ապագա Թրամփի երթուղին ԵՄ-ի կողմից դիտվում է որպես «միջին միջանցքի» մի մաս։ Թուրքիան նույնպես ցանկանում է օգտվել ռուսական ազդեցության նվազման հետևանքով ստեղծված հնարավորությունից։ Անկարան բանակցություններ է վարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար և իր աջակցությունն է հայտնել TRIPP-ին, որը կստեղծի Թուրքիայից Ադրբեջան ուղիղ կապ իր էքսկլավի միջոցով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել։