
Հարուցվել է վարչական վարույթ, սպառնում է տուգանք․ ՀՀ ՇՄՆ խոսնակը՝ Շաքիի ջրվեժի տարածքում գենդեր–փարթիի մասին
Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման խնջույք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. այդ մասին ABC media–ին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը։
Տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝ պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Նախարարությունից հայտնեցին, որ դեռ հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպել փարթին։